
Խմբակային բռնաբարության չորս մասնակիցները դատապարտվել են մահապատժի` կախաղանի միջոցով

Հնդկաստանում դատարանը մահապատժի վճիռ է կայացրել խմբակային բռնաբարության չորս մասնակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է ռուսական gazeta.ru կայքը: Ըստ լրատվամիջոցի` նշված չորս անձինք` 26-ամյա Մուկեշ Սինգհը, 20-ամյա Վինայ Շարման, 28-ամյա Ակշայ Տաքուրը և 19-ամյա Պավան Գուպտան, նախորդ տարվա դեկտեմբերին բռնաբարության էին ենթարկել 23-ամյա մի աղջկա, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերին 16-ին` Նյու-Դելի քաղաքում: Բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհին և նրա ընկերը հարձակման են ենթարկվել ավտոբուսում` արբած տղամարդկանց կողմից, ընդ որում` նրանցից մեկը` Սինգհը, եղել է ավտոբուսի վարորդը: Հանցագործները բռնաբարել են աղջկան, այնուհետև մետաղյա մահակներով ծեծի են ենթարկել երկուսին, որից հետո դուրս են նետել աղջկան ավտոբուսից: Աղջիկը մահացել է դեպքից 2 շաբաթ անց` ստացած ծանր վնասվածքների հետևանքով: Դաժան հանցագործությունը ժամանակին բողոքի հսկայական ալիք էր բարձրացրել Հնդկաստանում:
Ավելացնենք, որ դատարան շենքի առջև հավաքված բազմությունը և տուժածի ծնողները ցնծությամբ են ընդունել այս որոշումը, իսկ վճիռը հրապարակած դատավորը հայտարարել է, որ դատապարտյալները մահապատժի կենթարկվեն կախաղանի միջոցով: