Ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 5-ին անհայտ անձանց կողմից Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով քիչ առաջ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 113 հոդվածով՝ դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը:
Երեկ երեկոյան Կենտրոնի ոստիկանությունից քաղաքացիական ակտիվիստներին տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել, և այսօր նրանց կանչել են հարցաքննության:
Սուրեն Սաղաթելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ոստիկանություն գնացել են փաստաբանի հետ:
Թե Սուրեն Սաղաթելյանը, թե Հայկակ Արշամյանը անգամ քրեական գործ հարուցելուց հետո չեն հավատում, թե այն կբացահայտվի՝ հաշվի առնելով մինչ այս մյուս բոլոր չբացահայտված դեպքերը:
Սուրեն Սաղաթելյանը վստահության դեֆիցիտը պայմանավորել է մինչև հիմա տեղի ունեցած չբացահայտված փաստերով, որոնց դեպքում մեղավորներ չեն գտնվել և չեն պատժվել. «Այդ տրամաբանության շրջանակներում ես ունեմ անհանգստություն և անվստահություն, որ այս գործի մեղավորները կհայտնաբերվեն»,- ասաց նա:
Բացի այդ, Սուրեն Սաղաթելյանն անտրամաբանական չի համարում այն ենթադրությունը, որ շատ հնարավոր է սա իշխանությունների ձեռքի գործն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: