Վարդան Ղուկասյանի թիմակիցը մեղադրվում է յուրացումների մեջ
tsayg.am-ի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արմեն Մալխասյանն «Ազդարար» լրատվականի հարցմանն ի պատասխան հաստատել է լուրերը, որ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել Գյումրիի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանն ու կալանավորվել: Հիշեցնենք, որ տարածված տեղեկատվության համաձայն` նախկին պաշտոնյային կալանավորել են իր պաշտոնավարման տարիներին կատարված չարաշահումների համար:
Արմեն Մալխասյանն ասել է, որ Հովհաննես Գրքիկյանը կալանավորվել է ՀՀ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով. այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, հարուցվել է քրեական գործ: Թե խոսքն ինչ չափի յուրացման մասին է, Արմեն Մալխասյանը չի պատասխանել` պարզաբանելով, որ դեռ նախաքննություն է ընթանում: