Աղվան Հովսեփյան. «Մենք դեռ միասին աշխատելու ենք»
Ինչպես տեղեկացրել ենք` ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: Ըստ «Փաստինֆոյի»` իր հրաժեշտի խոսքում Ա.Հովսեփյանը նշել է, որ դատախազության համակարգում աշխատում է արդեն շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարել է այդ համակարգը:
«Երեք անգամ նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազ, շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտության բերումով զբաղեցնել այսպիսի բարձր պաշտոն, ծառայել իմ պետականությանը, Հայրենիքին: Այս տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որ առաջադրված են եղել դատախազության համակարգի առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»,- ասաց Ա.Հովսեփյանը:
Ըստ կայքի` արդեն նախկին ՀՀ գլխավոր դատախազը իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդին, բոլոր ընկերներին ու գործընկերներին՝ այդ թվում արտասահմանյան,ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին,միջազգային կառույցների ղեկավարներին, ընտանիքի անդամներին,լրագրողներին, որ իր պաշտոնավարման տարիներին, որոնք շատ ծանր ու դժվարին են եղել, թվարկած անձանց օգնությամբ ու օժանդակությամբ ինքը հնարավորություն է ունեցել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները: Դիմելով լրագրողներին՝ Ա.Հովսեփյանը հայտարարել է.
«Շնորհակալ եմ, որ ձեր անմիջական ազդեցիկ հայացքի ներքո ես միշտ կաշկանդված աշխատել եմ, հանրային կարծիքը միշտ ի դեմս ձեզ՝ նկատի ունենալով»:
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք ինքը ստացե՞լ է այլ պաշտոնում աշխատելու առաջարկ՝ Ա.Հովսեփյանը հայտարարել է. «Մենք դեռ միասին աշխատելու ենք»: Ա.Հովսեփյանը հայտնել է նաև, որ իր հասարակական գործունեությունը շարունակելու է և ավելի ակտիվ: «Ցավոք սրտի, մեր հանրության մեջ թույն կաթեցնողները շատ են, օր-օրի ավելանում են, այն, ինչ ես անում եմ, ուղղակի հակաթույն է, հանրությունը թունավորելու դեմ և ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունն առողջ ապրի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: