Բաժիններ՝

Էդուարդո Էռնեկյանը` ՄԱԶԾ ազգային բարի կամքի դեսպան. Ես շատ ուրախ եմ

Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար, այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան:

«Ես շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և, իմ դիրքն օգտագործելով, ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը», – ասաց Էդուարդո Էռնեկյանը:

Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ՄԱԶԾ-ն եկավ այն եզրակացության, որ հայկական Սփյուռքը՝ իր ընդարձակ կապերով և հարուստ փորձով, կարող է դյուրին դարձնել և նպաստել ազգային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ այսպիսով նպաստելով երկրի ընդհանուր զարգացմանը: Պրն. Էռնեկյանի և իր կողմից հիմնված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ գործընկերությունն ունի երկար պատմություն, և այն կյանքի կոչվեց 2012թ.-ի մայիսին, երբ ՄԱԶԾ-ն և ՖԱՀ-ը ստորագրեցին համաձայնագիր՝ Արմավիրի  մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքներում գյուղատնտեսական և փոքր բիզնեսի գործունեությանն աջակցելու համար: Այս գործընկերության նպատակն է միկրոշրջանում տնտեսական վերածննդի խթանումը՝ ֆերմերային ասոցիացիաներ ստեղծելու, գյուղական տնտեսական ենթակառուցվածքները բարելավելու միջոցով, որպես գյուղական աղքատության վերացման կարևորագույն տարր, ինչպես նաև սննդի վերամշակման միկրոձեռնարկությունների ստեղծումը և չմշակվող վարելահողերը ցանքաշրջանառության վերադարձնելը: «Հայկական գյուղի վերածնունդ` զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքն  է  230.000 ԱՄՆ դոլար, որից  204.000 ԱՄՆ դոլարը հատկացրել է «Ֆրութֆուլ Արմենիա»-ն:

«ՄԱԶԾ-ի համար մեծ պատիվ է նշանակել պրն. Էդուարդո Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան: Մենք ունենք հաջողված գործընկերության փորձ պրն. Էռնեկյանի և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ: ՄԱԶԾ-ն ակնկալում է սերտ համագործակցություն պրն. Էռնեկյանի հետ, որպես Ազգային բարի կամքի դեսպան, և որ նա կօգտագործի իր ընդարձակ կապերը և կշարունակի մոբիլիզացնել Սփյուռքի ջանքերը Հայաստանում աղքատության դեմ պայքարելու և Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան:

Էդուարդո Էռնեկյանը վայելում է համաշխարհային հեղինակություն: 2012թ.-ի օգոստոսին, որպես Ռաուլ Վալլենբերգի միջազգային  հիմնադրամի պատվավոր նախագահ, Էդուարդո Էռնեկյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: ՄԱԿ-ը բարձր  գնահատեց նրա աշխատանքը հիմնադրամի  գլոբալ կրթական գործունեությունը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: 2012թ.-ի մայիսին, գործարարության ոլորտում իր  ձեռքբերումների համար նա արժանացավ  հեղինակավոր «Բիզնես հանուն խաղաղության-2012» մրցանակի` տրված հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված էր նաև Նոբելյան մրցանակակիրներից:
2001թ.-ին ՀՀ կառավարության կողմից պրն. Էռնեկյանին հանձնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալը, 2010թ.-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից՝ «Տարվա մարդ» շքանշանը, և 2011թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս