
Ցմահ դատապարտյալի փաստաբանի բողոքը մերժվեց

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր մերժեց ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը: Պաշտպանը խնդրում էր բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված կալանավորման դատական որոշումները և ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված ազատության ու անձնական անձեռնմխելիության խախտման փաստը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2012թ. հունիսի 5-ի վճռով ճանաչել էր հիշյալ հոդվածով խախտման փաստը և սահմանել 6227 եվրոյի փոխհատուցում, որը վճարվել է:
Արարատ Մուրադխանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2007թ. սեպտեմբերի 24-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել 4 անձի սպանության, ինչպես նաև դիտավորությամբ անձանց առողջությանը ծանր ու թեթև վնաս պատճառելու, ապօրինի զենք պահելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման: