
Ո՞ւմ «բադասխանն» է պահանջելու Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին

Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին հանարահավաք կհրավիրի, թե ում «բադասխանը» պահանջելու՝ հստակ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ի պատասխան հարցին, թե ո՞ւմ «բադասպանն է» պահանջելու այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանեց.
«Ամեն մեկս պետք է մեզ համար պատասխան պահանջենք և ոչ թե միայն մեղադրանքը դնենք ուրիշի վրա, ինքներս մեր վրա դնենք հարցի լուծումը»,- ասաց նա։ Նա հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում կհրավիրվի հանրահավաք, որին, նրա խոսքով, կմասնակցեն ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ` անհատներ: Պատգամավորի խոսքով, տեղի կունենան ելույթներ երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ։ Իսկ այն հարցին, թե կա՞ մեկը ում հրաժարականը կպահանջի կուսակցությունը, Թևան Պողոսյանը դրական արձագանքեց և ավելացրեց, որ Կառավարության վարած խղճուկ քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել նման վիճակում. «Վերևից` ներքև, բոլորը»,- ամփոփեց նա։ Դիտարկմանը, թե «վերև» ասելով նկատի ունե՞ք ՀՀ նախագահին, նա արձագանքեց այսպես. «Մենք չունենք ընտրված նախագահ»: