
Սամսոն Ղազարյանը չի ազատազրկվի

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր բեկանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ դատավճիռը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, մեղադրանքի մասով և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվեց:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ս.Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Սամսոն Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառությունը, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ նշանակել էր պատիժ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 տարի ժամկետով:
«ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառմամբ Սամսոն Ղազարյանն ազատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից։
Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել էր ուժի մեջ: