Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Գյումրի՞

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Գյումրիի լրագրողները, քաղաքացիական ակտիվիստներն ու իրավաբանները ստուգայց  են կազմակերպել  և այցելել Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասեր, այն տարածքներ, որտեղ ըստ ժամանակացույցի՝ ամենաուշը 2013 թ-ի սեպտեմբերին ավարտելու և բնակիչներին էին հանձնելու 420 բնակարան՝ երկրաշարժից տուժած և 25 տարի հերթացուցակներում սպասող անօթևան ընտանիքների համար:

Այս խոստումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն էր 2013 թ-ի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ շահագործման հանձնվեց Գյումրու Մուշ 2/2 թաղամասը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև հիշյալ տարածքներ, որտեղ, ըստ պաշտոնական խոստման, մինչև սեպտեմբեր կառուցվելու էին նորակառույց շուրջ 12 շենքեր: Սակայն արդեն բոլորին է պարզ, որ Սերժ Սարգսյանի այս խոստումը մնացել է անկատար:

Եվ այսօր արդեն պաշտոնական այցով Գյումրի ժամանեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ով եղավ հիշյալ տարածքներում՝ հատուկ լրագրողներին և տեսախցիկների ներկայությամբ բացատրելու, թե ինչու չի կայացել խոստացված բնակարանաշինությունը: Նշենք, որ նախարարի այցից ուղիղ 15 րոպե առաջ՝ ճիշտ լրագրողների հետ Գյումրու Մուշ թաղամաս հասավ նաև մի տրակտոր ու սկսեց ենթադրյալ նորակառույցների տեղում փորման աշխատանքներ իրականացնել:

Ավելի ուշ, երբ ժամանեց ՀՀ քաղաքաշինության նախարարը, նա բացատրեց լրագրողներին՝ ասելով. «Մենք մեր խոստումը չենք մոռացել, իսկ բնակարաններ լինելու են, աշխատանքներն էլ չեն դադարում»,- նկատել է նախարարը՝ ցույց տալով թաղամասում աշխատող միակ տրակտորը: Գյումրեցի լրագրողներն էլ կատակել են, թե երևի այս տրակտորը ՀՀ քաղաքաշինության նախարարը իր հետ Գյումրի է բերել Երևանից:

Սամվել Թադևոսյանը բնակելիների կառուցման հետաձգումը բացատրել է նախագծային փոփոխություններով՝ խոստանալով, որ շուտով լրագրողները կհամոզվեն, որ Գյումրուն ու գյումրեցուն չեն խաբել, և շոշափելի արդյունքը տեսանելի կլինի:

Նշենք նաև, որ ԳԱԼԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մի քանի օրից Գյումրի է այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցելու է Նորավան թաղամասում բարերարների միջոցներով կառուցված երաժշտական դպրոցի բացման արարողությանը, և որպեսզի նախագահի այցին չլինեն տհաճ անակնկալներ և նախագահին երեսով չտան խոստացված բնակելիները, ՀՀ քաղաքաշինության նախարարն էր նախ եկել Գյումրի՝ վստահեցնելու, որ խոստացված բնակարանները կառուցվելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս