Համակարգվում է տուբերկուլոզի դեմ պայքարը
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի մոտ կազմակերպվեց Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մասնակից, դոնոր և շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ) Հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլարդը, Գործող ժողովրդավարություն, առողջապահական և սոցիալական ռեֆորմների գրասենյակի տնօրեն Ռայմոնդ Մորտոնը, Բժիշկներ առանց սահմանի (ԲԱՍ) Հայաստանյան առաքելության ղեկավար Աննաբելլ Ջերիբին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ծրագրերի համակարգողներ, մասնագետներ։ Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային թիմի պորտֆոլիո մենեջեր Ջորջ Սակվարելիձեն հանդիպմանը մասնակցում էր հեռուստակապի միջոցով։
Ողջունելով դոնոր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, նախարար Դումանյանը նշեց, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում հասել ենք մի հանգրվանի, երբ անհրաժեշտ է ամփոփել կատարվածն ու հաջողությունները և հստակեցնել առաջիկա անելիքներն ու ապագա ծրագրերը։
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը ծանոթացրեց Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքներին ու ձեռքբերումներին։ Նշեց, որ կատարված աշխատանքների արդյունքում 2006 թվականից տարեցտարի արձանագրվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում։ Մասնավորապես 100 հազար բնակչի հաշվով 2012-ին հիվանդացությունը կազմել է 37.1` 2006-ի 62.4-ի փոխարեն, իսկ մահացությունը` 2012-ին կազմել է 2` 2007-ի 5.4-ի դիմաց։
Տուբերկուլոզի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար 2013 թվականին ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների ուղեգրման, հոսպիտալացման և ստացիոնարից դուրս գրման նոր չափորոշիչներ, բարելավվել է տուբերկուլոզի լաբորատոր նմուշների տեղափոխման գործընթացը, ներդրվել է տուբերկուլոզի արագ ախտորոշման Gene-Xpert ժամանակակից մեթոդը: «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ 2013 թվականից ներդրվել է գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման համար նոր դեղերի կիրառման ծրագիրը։ 2013 թվականից Երևանում ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների տնային պայմաններում բուժման կազմակերպման ծրագիրը: 2014 թվականից նախատեսվում է օպտիմալացնել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների, ինչպես նաև մանրադիտակային լաբորատորիաների համակարգը։ Եկող տարվանից տուբերկուլոզի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կհավաքագրվի էլեկտրոնային հաշվետվությունների ձևով` առցանց համակարգչային ծրագրի միջոցով:
Ներկայացվեց նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» ծրագրի իրականացման հաջող ընթացքը։
ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության տնօրեն Սարո Ծատուրյանը ծանոթացրեց տուբերկուլոզի բուժօգնության ծառայությունների ֆինանսավորման գործող մեխանիզմներին և առաջարկվող բարեփոխումներին։ Իսկ դրանք միտված են ինչպես բուժման որակի բարձրացմանը, այնպես էլ հոսպիտալացման ոչ անհրաժեշտ դեպքերը նվազեցնելուն և տնային պայմաններում բուժումն ընդլայնելուն։ Առաջնային օղակում ևս նախատեսվում են բժշկական սպասարկման որակի բարձրացման խրախուսման մեխանիզմներ։ Այս ամենի համար անհրաժեշտ կլինի համապատասխան չափորոշիչներ մշակել, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին ԱՀԿ-ի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև այս ոլորտում ԱՀԿ-ի, ինչպես նաև Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության կողմից ցուցաբերվող ծավալուն աջակցությունը։
Կարեն Հիլլարդը շեշտեց, որ եվրոպական երկրներում տուբերկուլոզը բուժվում է հիմնականում ամբուլատոր պայմաններում։ Միայն շատ բարդացված դեպքերում է հիվանդը հոսպիտալացվում վարակի վերահսկման մեխանիզմներ ունեցող հիվանդանոցում։
Տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում ներգրավված դոնոր և շահագրգիռ կազմակերպությունները հետագա աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ) Հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլարդը տեղեկացրեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցելու նպատակով ամերիկյան կառավարությունն առաջիկայում մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի։ Իսկ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակին 400 հազար դոլար կտրամադրվի նույն ծրագրի տեխնիկական աջակցության համար։ Եւս 0.5 մլն դոլար կհատկացվի տուբերկուլոզի ախտորոշում և բուժում իրականացնող բուժհինարկների վերանորոգման համար։
Նախարար Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց շահագրգիռ քննարկման, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված շարունակական օժանդակության համար։ Նա վստահեցրեց, որ համակարգված գործունեություն ծավալելով եղած ռեսուրսներն առավել արդյունավետ կօգտագործվեն։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանային թիմի պորտֆոլիո մենեջեր Ջորջ Սակվարելիդզեն ևս բարձր գնահատեց ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ նման քննարկում կազմակերպելու գաղափարը։