Գագիկ Խաչատրյանը վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը վերականգնել է պետությունից հափշտակված գումարը. ոստիկանության դեպոզիտ հաշվին փախանցվել 4 մլն 108 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը հասցված վնասի հատուցում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Գ.Խաչատրյանը, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ընդունել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով առաջադրված մեղադրանքը:
Մասնավորապես, նա, ըստ մեղադրանքի, երկու հոգի չաշխատող աշխատողներ է գրանցել և նրանց պլաստիկ քարտերի օգտագործմամբ ստացել նրանց աշխատավարձերը՝ պետությանը պատճառելով 4 մլն դրամի վնաս:
Այդ մեխանիզմը գործել է գրեթե բոլոր տարածքային ստորաբաժանումներում։ Ղեկավարները ստացել են մի քանի հոգու աշխատավարձ՝ ձեւական աշխատանքի ընդունված անձանց տվյալներով։
Իսկ մեղադրյալներն արդեն 10-ն են:
Ոստիկանությունն այսօր տարածած տեղեկատվության համաձայն, մեղադրանք է առաջադրվել՝
– ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին,
-ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: