«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է

«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու իշխող վարչախմբի հրապարակված նպատակը:  Նույնպես դատապարտելի է զուգահեռաբար Եվրամիության հետ գաղափարախոսական մերձեցումը շարունակելու հայտարարված ցանկությունը:  Անկախ հնարավոր պարտադրանքներից, Հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը` հանցակցաբար իր նախորդների և ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ:

Իշխանությանն անօրինաբար տիրացած և ժողովրդական աջակցությունից զուրկ որևէ պաշտոնյայի ստորագրություն կամ մարմնի վավերացում իրավական ուժ ունենալ չեն կարող և առաջին իսկ ազգընտիր կառավարության կողմից չեղյալ են համարվելու:  Կարևոր ենք համարում ընդգծել, որ «Հայազնի» դիրքորոշումը ոչ մի առնչություն չունի Եվրամիության մեջ ներառվելու կողմնակիցների նույնքան մերժելի դիրքորոշման և դրանից բխող բողոքի դրսևորումների հետ:

Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք համեմատել Մաքսային միության անդամությամբ կամ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված տնտեսական օգուտներն ու վնասները, ընդգծելով ամենագլխավոր և ընդհանուր վնասը` արտագաղթի ու ժողովրդագրական ճգնաժամի խորացումը, ինչպես նաև, զույգ ինտեգրացիաների դեպքում, Հայաստանի գրավվմանը զուգահեռ, Արցախը Ադրբեջանին թողնելու անխուսափելիությունը:

«Հայազնը» ևս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական ծրագրում ամրագրված արտաքին քաղաքականության սկզբունքները, մասնավորապես` չմիացման սկզբունքը, ինչպես նաև ազգային հեղափոխության միջոցով ինքնիշխան և բնույթով ազգային պետություն կերտելու հրամայականը:

«Հայազն» կուսակցության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս