Հետազոտված 32 համայնքներից առնվազն 10-ում ուռճացվել են ՀՀ նախագահական վերջին ընտրությունների մասնակցության ցուցանիշները
asparez.am -ի փոխանցմամբ՝ 2013 թ. սեպտեմբերի 10-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հրապարակեց 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններում 90 եւ ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած համայնքներում իր կատարած հետազոտության արդյունքները:
Ըստ այս հետազոտության արդյունքների, ուսումնասիրված 32 համայնքներից 10-ում, նախագահական ընտրության օրը չէր կարող գտնվել այնքան ընտրող, որքան, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել է ընտրությանը:
Օրինակ. Արարատի մարզի Աբովյան գյուղում ըստ ԿԸՀ-ի` 2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրության օրը գրանցված է եղել 1170 ընտրող, որոնցից միայն 1087-ն են մասնակցել ընտրությանը, իսկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հոտազոտության համաձայն, նույն օրը նույն համայնքում կարող էր գտնվել առավելագույնը 1036 ընտրող` փաստորեն 51-ով պակաս, քան ԿԸՀ տվյալներով մասնակցել է ընտրությանը, և 134-ով պակաս, քան ըստ ԿԸՀ-ի հաշվառված են եղել ընտրացուցակներում: Ըստ այս հետազոտության, Սյունիքի Տեղ գյուղում 2013 փետրվարի 18-ին ֆիզիկապես կարող էր մասնակցել քվեարկությանը առավելագույնը 1283 հոգի, այնինչ ԿԸՀ տվյալներով մասնակցել է 1434, մարդ` 151 հոգով ավելի, այդ ցուցանիշը Խնածախի համար կազմել է 187 մարդ, Աղվանի գյուղի համար` 11 մարդ, Արարատի մարզի Նոր ուղի գյուղի համար` 113 եւ այլն:
Այս հաղորդագրությանը կից ներկայացված ամբողջական հաշվետվության 6-րդ աղյուսակում բերված 10 համայնքներում ՀՀ նախագահական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 5513 (ԿԸՀ) մարդ, ըստ հետազոտության, այդ օրը այդ համայնքներում ընդամենը կարող էին գտնվել ոչ ավելի, քան 4887 մարդ` 626-ով պակաս (11,13%):
Համադրելով 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները 90 եւ ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած 4 համայնքներում գրանցված ընտրողների թվի հետ, պարզվել է, որ այդ թվերը տարօրինակ եւ անհասկանալի հակադրության մեջ են այն իմաստով, որ այդ թվերը գրեթե հավասար են, այսպիսով մտածել են տալիս, որ այդ համայնքներում անչափահասներ չկան կամ գրեթե չկան, կամ էլ 16 ամսում այդ համայնքներում գրանցվել է բնակչության 10-30 տոկոսանոց աճ, ինչը անհնարին է: Այսպես օրինակ, Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքում, ըստ 2011 թվի հոկտեմբերի մարդահամարի արդյունքների, առկա եւ մշտական բնակչությունը կազմել է 100 հոգի (տես կից հաշվետվության թիվ 7 աղյուսակի սյունակներ Գ եւ Դ), միաժամանակ ընտրողների ընդհանուր թիվը 2013 թվի փետրվարի 18-ին կազմել է 102 հոգի (սյունակ Է), իսկ ընտրություններին մասնակցել է 92-ը (սյունակ Ը):
Բացի այս, լուրջ տարբերություններ կան 2011 թվականի հոկտեմբերի մարդահամարով ստացված այս եւ այլ համայնքների մշտական եւ առկա բնակչության թվի` մի կողմից, իսկ մյուս կողմից համապատասխան մարզպետարանների պաշտոնական կայքէջերում (2010-2012 թթ.) առկա` նույն համայնքների բնակչության թվերի միջեւ: Այսպես. Ջաղացաձորում, ըստ մարդահամարի արդյունքների, առկա եւ մշտական բնակչությունը կազմել է 100 մարդ (սյունակ Գ եւ Դ), իսկ մարզպետարանի կայքում` 182 մարդ (սյունակ Թ), միաժամանակ 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Ջաղացաձորում եղել 140` առկա եւ 141` մշտական բնակչություն): Փաստորեն, այս երեք պաշտոնական տեղեկություններում բնակչության թվի հսկայական վայրիվերումներ կան: Պատկերը համանման է գրեթե բոլոր հետազոտված համայքների դեպքում:
2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում 90 եւ ավելի տոկոս մասնակցությունց ցուցաբերած 32 համայնքների ժողովրդագրական, բնակիչների եւ ընտրողների թվերի ուսումնասիրությունները` ԿԸՀ, ԱՎԾ եւ մարզպետարանների աղբյուրներից, ինչպես նաեւ ակումբի կատարած ուսումնասիրությունների արդյունքների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ
- 2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ընտրությունների մասնակցությունը ուռճացվել է հետազոտված 32 համայնքներից առնվազն 10-ում:
- Կամ ուսումնասիրված 32 համայնքներից առնվազն 4-ի բնակչության` 2011 թվի հոկտեմբերի մարդահամարի տվյալներն են նվազեցված կամ նույն համայնքներում 2013 թվի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների թիվն է ուռճացված:
- Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելքը ընտրությունների կեղծիքների եւ/կամ սխալների կոծկման հիմնական միջոցներից մեկն է:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս հետազոտության վրա է հրավիրում ոլորտային պատասխանատու պաշտոնյաների եւ իրավապահների ուշադրությունը, բոլոր հետաքրքրված անձանց կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ կատարված աշխատանքի մասին: Առաջին եզրակացությունը կհաստատվի, եթե իրավապահները բարեխղճությամբ ուսումնասիրեն 2013 թվականի փետրվարի 18-ի դրությամբ այդ համայնքներում հաշվառված անձանց, ՀՀ վերջին նախագահական ընտրություններին այդ համայնքներից մասնակցած անձանց և նույն օրը նրանցից Հայաստանում գտնված անձանց ցուցակները:
Կարդացեք այստեղ՝