Բաժիններ՝

Ավագ լեյտենանտը շարքայիններից 15 000-ական դրամ է հավաքել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ավագ լեյտենանտ Համլետ Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարվել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Միաժամանակ դատարանը նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատական ակտից տեղեկանում ենք, որ N զորամասի զինծառայող, կոչումով ավագ լեյտենանտ Համլետ Ավագյանը վերադաս հրամանատարության կողմից դրական վերաբերմունքի արժանանալու նպատակով, զորամասի հավաքակայանում կայանված «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենայի բաքից 105լ հափշտակված դիզվառելիքը վերականգնելու համար պահակայիններ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ` Դավիթ Աթանյանից, Նարեկ Գալստյանից և Գոռ Մամիկոնյանից հավաքել է 15 000-ական ՀՀ դրամ:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Համլետ Ավագյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկել այն, որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև 14 տարեկան մեկ երեխա, կատարած հանցանքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Նշենք, նաև, որ տուժողները հայտնել են, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունեն և միջնորդել են նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Ի դեպ Համլետ Ավագյանի նկատմամբ սահմանված փորձաշրջանի սկիզբը կհաշվարկվի ծառայության վայրի զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու օրվանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս