Բաժիններ՝

Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

«Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով  կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն «թարմացրել» են այդ թեման՝ գրեթե միշտ խուսափելով անդրադառնալ Կարապետյանների ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին:

Ուշադիր ընթերցողը կարող է հանգիստ համադրել այդ մի քանի լրատվամիջոցների անունները, որոնք, բարեբախտաբար, որակ չեն կազմում, ու իրական պատկերացում կազմել դրանց անաչառության մասին: Ընդ որում, ցանկության դեպքում կարող էին նաև անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի,  լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին:

Եթե նման կարգի լրատվամիջոցների «տերերի»համար գուցե վիրավորական չի կաշառակեր բառը, ապա Կարեն Կարապետյանի համար դա անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է «կուլ տա» այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է:

Չի կարող այդպես լինել, առավել ևս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաև նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը: Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երևույթներից մեկը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ),  որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու:

Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան «պոկելու» մտադրությամբ: Շատ պիտի ցանկանայինք, որ մի քանի լրագրողներ, որոնք ուղղակի իրենց կենսապահովման խնդիրն են լուծում, չվարկաբեկեն լրագրության հանրույթը, և չփորձեն երկրում առկա իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը: Մենք, իհարկե, այս անգամ էլ կարող էինք անտեսել ցանկացած մանր-մունր երևույթների կողմից ուղղորդվող նմանատիպ «ակցիաները», սակայն հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ սա ստանում է համակարգված բնույթ, հարկ ենք համարում մեկ անգամ ու ընդմիշտ փակել այս թեման: Ակնհայտ դիտավորության նոր դեպքերի պարագայում մենք մեզ իրավունք կվերապահենք հասարակությանն իրազեկել իրականության մասին՝ ընդ որում, արդեն անվանապես: Ավարտելով՝ ընդամենը խորհուրդ ենք տալիս՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ….

ԱԺ  պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

Հ.Գ. Ի դեպ,  հարկ ենք համարում ընդգծել, որ Կարեն Կարապետյանը հարգում է իր իրավունքների կամ օրինականության հաղթանակի համար պայքարող ցանկացած քաղաքացու կամ քաղաքացիների կամքն ու վճռականությունը՝ միևնույն ժամանակ ակնկալելով փոխադարձ հարգանք: Ընդ որում, խոսքը միայն «Նաիրիտի» աշխատակիցների մասին չէ, այլ նաև հասարակության տարբեր շերտերի, որոնք ընդվզում են իրենց իրավունքների ոտնահարման կամ անօրինականության դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս