Փաշինյանը՝ Ղազինյանին. Հարուստ հայրիկների զավակները ընդունվում են իրավաբանական ֆակուլտետ, հետո դառնում քննիչ, դատավոր…
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը: ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված է երկու թեկնածու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը:
Դիմելով Գագիկ Ղազինյանին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ԱԺ-ն այս հարցում կածես խախտել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությամբ, ըստ նրա՝ նախատեսվում է, որ այս ընտրությունները պետք է կայանային պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ պաշտոնը թափուր է արդեն մի քանի տարի:
«Այսքան ժամանակ հարցը գտնվում է օրակարգում, բայց էլի տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց,- Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում իրավական համակարգը հասարակության կարծիքով և նաև իմ կարծիքով ամենակոռումպացված համակարգն է, և պետք է խոստովանել, որ ինչքան էլ Դուք պաշտոններ չեք զբաղեցրել կարծես թե դատական համակարգում, բայց Դուք այդ համակարգի շատ առանցքային ներկայացուցիչն եք. դուք 1996-ից ղեկավարում եք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և էլի հանրային ընկալման տեսակետից դա ամենակոռումպացված օղակներից մեկն է Հայաստանում»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ՝ չնայած այս ամենին, չի նշանակում, որ ֆակուլտետը արժանի շրջանավարտներ չի տվել: Ապա նա հետաքրքրվեց՝ թե պատասխանատվություն զգո՞ւմ է Ղազինյանն այս ամենի համար. «Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ գործում է մի համակարգ, Ձեր ղեկավարած կառույցում, որտեղ, այսպես ասած՝ «տերովին տեր է տարել, իսկ անտերին… Արդեն իսկ հասկանում եք, թե ով: Իմ հարցը հետևյալն է. Ձեր ուսանողներից նաև,օրինակ, Մարտի 1-ի քննչական գործի ղեկավարը Ձեր ուսանողն է եղել և բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ քննիչներ Ձեր ուսանողներն են եղել և Դուք, ընդհանրապես, պատասխանատվություն զգո՞ւմ եք այսօրվա իրավիճակի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ Հայաստանում կա փակ շղթա, այսպես ասած՝ հարուստ հայրիկների զավակները ընդունվում են իրավաբանակա ֆակուլտետ, հետո դառնում քննիչ, դատավոր, դատախազ և արդյունքում, ինչպես ասացի՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ դատական համակարգը, որի ակունքներում 96-ից դուք կանգնած եք՝ ամենակոռումպացվածն է ՀՀ-ում»:
Ի պատասխան Գ. Ղազինյանն արձագանքեց և հիշեցրեց. «Նույն Փաշինյանին կամ նրա թերթին հեշտ է մարդկանց մեղադրել, բայց շատ ավելի հեշտ է խոսել Ձեր թերթի հրապարակումներից, որոնց ետևում մարդիկ են կանգնած, սակայն այսօր Դուք տեղեկացված չեք իրավաբանական ֆակուլտետի վիճակից, տեղեկացված չեք այն օրից հետո, երբ Ձեզ դուրս թողեցին համալսարանից: Նման հայտարարություններ անելուց առաջ պետք է տեղյակ լինել, չի կարելի օգտագործել նման ամբիոնները և վարկաբեկել մարդկանց: Մենք կադրեր ենք պատրաստում, որոնք պատրաստ ենք ծառայել հանրությանը: Գիտելիք ունեցող ուսանողը երբեք որևէ խոչընդոտի չի հանդիպել և չի հանդիպի»:
Հակադարձելով Ղազինյանին` Ն. Փաշինյանը պահանջեց իր ղեկավարած թերթի մասին խոսել փաստերով, ապա թերահավոտորեն նշեց, թե համոզված է, որ Գ. Ղազինյանը չի կարող փաստեր բերել, քանի որ դրանք, նրա համոզմաբ, ըստ էության՝ չկան: