ՀՀԿ-ական պատգամավորը կդիմի «ինքնապաշտպանության»` Սուրեն Խաչատրյանի տղայի օրինակով
Սյունիքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամոթանք տվեց «այն հայ տղամարդուն, ով չի դիմի ինքնապաշտպանության»: Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը պատգամավոր է դարձել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ:
– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում, որ Սուրեն Խաչատրյանի որդին, ով սպանության ակնհայտ մասնակից է եղել, ազատ արձակվեց:
– Ակնհայտ մասնակից չի եղել: Եղել է ակնհայտ ինքնապաշտպանությունից դրդված արարք: Դա ակնհայտ սպանություն չի, ինքնապաշտպանությունը և սպանությունը լրիվ այլ հարթակների երևույթներ են:
– Ասել է թե` ճի՞շտ եք գտնում ինքնապաշտպանության համար սպանություն կատարելը:
– Ո՛չ, ուղղակի ցավալի դեպք է տեղի ունեցել, ինքնապաշտպանության հանգամանքն այդպես է տեղի ունեցել: Ես բազմիցս նշել եմ, որ Ավետիքը հարգարժան մարդ է մեր քաղաքում, և այդպիսի բան ուղղակի չպիտի լիներ:
– Փաստորեն, Դուք արդարացնո՞ւմ եք Սուրեն Խաչատրյանի որդուն` ասելով, թե ինքնապաշտպանություն էր, մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ նա նախահարձակ է եղել:
– Ես ուղղակի սովոր եմ հավատալ փաստերին, իսկ փաստերն այսօր ասում են, որ Տիգրան Խաչատրյանն իր արարքն իրագործել է ինքնապաշտպանության ընթացքում:
– Իսկ Դուք կդիմե՞ք նման ինքնապաշտպանության:
– Ես ընդհանրապես կդատապարտեմ ցանկացած հայ տղամարդու կամ տղայի, որը տեսնի` իր օջախի կամ իր մոր վրա զենքով հարձակվում են կամ զենք են բարձրացնում, և ինքը ընդհանրապես ձեռքերը ծալի և տեղը նստի: Միգուցե ես այլ կերպ դիմեմ ինքնապաշտպանության, բայց համենայնդեպս, անպայման կդիմեմ ինքնապաշտպանության և իհարկե` չմտածելով արդյունքների մասին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: