Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը մեկուսացել է հասարակությունից, քաղաքական ուժերից
«Մինչև հիմա մենք չենք ստացել գազի գնի թանկացման պայմանագիրը, ինչպես նաև՝ գնի սուբսիդավորման համար որևէ տեղեկություն»,- ԱԺ ամբիոնից ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ դրանք գաղտնի են պահվել քաղաքական ուժերից, հասարակությունից, անգամ որոշ դեպքերում՝ Կառավարությունից, ինչը, նրա խոսքով, Սահմանդրության 85-րդ հոդվածի խախտում է: Ընթերցելով հոդվածի բովանդակությունը՝ Արամ Մանուկյանն ասաց, թե գործընթացներից երբեմն տեղյակ չի եղել անգամ իշխող կոալիցիան.
«Ասվածի հաստատումը տեսնում ենք պաշտոնյաների, իշխող կոալիցիայի ներկայացուցիչների արած իրարամերժ հայտարությունենրով: Նշված խնդիրների սկզբունքների շուրջ, չնայած պատգամավորների պահանջին, նունիսկ փակ լսումներ չկազմակերպվեցին պառլամենտում»:
Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այս ամենի հետևանքով ԵՄ և ՌԴ Հայաստանի հետ հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն. «Ոչնչացել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ որպես վստահելի և կանխատեսելի գործընկերոջ վարքը: Ակնհայտ է, որ հասարակությունից գաղտնի գործողություններ կատարելը պայմանավորված է լեգիտիմ չնչին պաշար չունենալով, հասարակության աջակցության կորուստով: Սերժ Սարգսյանն էլ կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, մեկուսացել է հասարակությունից, քաղաքական ուժերից: Նա ճակատագրական հարցերում ոչ թե որոշումներ է կայացնում հանուն երկրի, այլ ուրիշի կողմից պարտադրանքով, ինչը նսեմացուցիչ է դարձնում երկրի ժողովրդի և իր համար: Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը ՀՀ-ում սպառնում է նոր անկանխատեսելի զարգացումներով»: