
La Stampa. ընտրություններից առաջ Ալիեւը լրագրողներին, այդ թվում` ընդդիմադիր, բնակարաններ է նվիրում

Ադրբեջանում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ադրբեջանական ռեժիմը ընդդիմադիր մամուլին վերահսկելու ռազմավարություն է իրականացնում, իտալական La Stampa պարբերականում գրում է հեղինակ Մարթա Օտտավիանին:
«Ընտրություններից մեկ ամիս առաջ նախագահ Ալիեւը սկանդալի կենտրոնում է հայտնվել. նրան մեղադրում են լրագրողներին կաշառելու մեջ` նրանց բնակարանների դիմաց վճարելու համար: Եթե նախկինում ռեժիմը հայտնի էր լրագրողների նկատմամբ հետապնդումներով, ճնշումներով ու բռնություններով, ապա հիմա փորձում է իր կողմը քաշել նրանց»,-գրում է պարբերականը:
Հոդվածագիրը նշում է, որ հունիսին կառավարությունը 155 բնակարան ունեցող հերթական շենքն է կառուցել լրագրողների եւ նրանց ընտանիքների համար, ինչը պետության համար արժեցել է 6 մլն դոլար: Բնակարաններ հիմնականում ստացել են կառավարամետ լրատվամիջոցների լրագրողները, սակայն անմասն չեն մնացել նաեւ անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներում աշխատող թղթակիցները: