Բաժիններ՝

«Հարգելի Հայկ, խնդրում եմ, արի քննարկենք». Սահակյանը Ալումյանին բանավեճի է հրավիրում

Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:

«Հարգելի բարեկամ, հարգելի ընկեր, հարգելի Հայկ, խնդրում եմ արի քննարկենք, միասին նստենք մի տեղ, ուզում ես միասին խոսենք, ուզում ես բոլորի ներկայությամբ խոսենք: Ցանկացած ձևաչափին համաձայն եմ: Համաձայն եմ քո առաջարկությանը: Հայկ Ալումյան, ես պատրաստ եմ, բաց եմ քննարկման համար»,- այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուբեն Սահակյանը:

Նա ասել է, որ ինքն իր կողմից առաջարկում է, որ հանրային բանավեճին ներկա լինեն իրավաբան գիտնականներ և մեծ թվով լրագրողներ:

«Առաջարկում եմ` մի կողմից ես, մյուս կողմից Ալումյան Հայկը: Պարտադիր կցանկանայի ներկա գտնվեր որևէ իրավաբան-գիտնական կամ երկուսիս` իմ և Ալումյանի ընտրությամբ կոնսենսուսով կամ եթե համաձայնության չենք գա, ապա ինքն իր կողմից թող մի իրավաբան գիտնական հրավիրի, ես իմ կողմից, որպեսզի նրանք լինեն մեր արբիտրը: Այդ բանավեճին թող ներկա լինեն աշխարհի բոլոր ժուռնալիստները և անպայման դիտենք տեաժապավենը», -հավելել է  Ռուբեն Սահակյանը:

Սեպտեմբերի 7-ին ՊՆ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որոշել է գորիսյան միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այսօր մամլո ասուլիսում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն և նրա թիկնապահին ազատ արձակելը «Հայաստանի արդարադատության դժբախտությունն է» և նշել ,որ նույն գործով «աբսուրդային նախաքննությունը շարունակվում է»:

Մեզ հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ ինքը չի կարող նախաքննությունն համարել աբսուրդային, քանի որ իր միջնորդությունը նախաքննական մարմինը բավարարել է:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն զենքին, որը, ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրել էր Ալումյանը, նվիրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ռուբեն Սահակյանն ասաց, որ այն օրինական է: «Ինքնաշեն զենքի համար, որն օրինականորեն տրված է, չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության»,- նկատել է  նա:

Այսօրվա ասուլիսում Հայկ Ալումյանը նաև ասել էր, որ Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի դղյակից կրակոց եղել է: Սակայն Ռուբեն Սահակյանը շարունակում է հակառակը պնդել. «Ես իմ ասուլիսում հայտարարեցի, որ թիկունքից չեն կրակել և նշեցի դիմացից ստացված վնասվածքները, սակայն Ալումյանը պնդում է, որ հետևից են կրակել: Ախր ես ո՞նց առարկեմ, ինչպե՞ս առարկեմ: Ես ասում եմ, որ թիկունքից չի կրակված, որովհետև մուտքի անցքերը դիմացից են: Կա դատաբժշկական փորձագետի եզրակացություն, կա դատաձգաբանի եզրակացություն, որոնց եզրակացություններից երևում է, որ բոլոր գնդակները, բոլոր պարկուճները կրակված են այն զենքերից, որոնք հայտնաբերվել են և որոնք եղել են Զարզանդ Նիկողոսյանի, Ավետիք Բուդաղյանի և Տիգրան Խաչատրյանի ձեռքերին: Հետևաբար բերել Սուրիկ Խաչատրյանի կամ մեկ այլ անձի ասել դո՞ւք էլ եք կրակել: Մի պահ ընդունենք, որ յոթ հոգի ևս կրակել են, ապա ում են վնասել այդ յոթ հոգին, որ կրակել են, որևէ մեկին դիպե՞լ է նրանց կրակած գնդակը, որևէ այլ պարկուճ հայտնաբերվե՞լ է դեպքի վայրում, որը կրակված է այլ զենքից: Չէ, էլի: Իսկ եթե հա, թող ցույց տան, ոչ թե մերկապարանոց հայտարարություն անեն»:

Բուդաղյանների պաշտպանի այն հայտարարությանը, թե Արտակ Բուդաղյանը դեպքի վայր գնացել է առանց փամփուշտի հրացանով, ինչը չէր կարող զինված հարձակում դիտարկվել, Ռուբեն Սահակյանը հակադարձում է. «Իսկ երբ նա եկավ, նա հայտարարե՞ց` ժողովուրդ, իմ հրազենի մեջ փամփուշտ չկա: Չհայտարարեց: Իսկ ես որտեղի՞ց իմանամ, որ նրա հրազենի մեջ փամփուշտ չկա»:

ՊՆ քննչական ծառայության որոշումը` Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանրության մեծ հատվածի մոտ տարակուսանք էր առաջացրել: Այսօրվա ասուլիսում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նույնիսկ հայտարարեց, որ ՊՆ քննչական ծառայության որոշումից «բոլորը սթրեսի մեջ էին»: Անդրադառնալով այս դիտարկմանը, Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ապատեղեկատվությանն ուզում են հավատալ և շոկի մեջ են ընկնում, իսկ ճշմարտությունը լսելիս շոկի մեջ են ընկնում: Ո՞րն է տրամաբանությունը, ի՞նչ են ուզում այ շոկի մեջ ընկնողները, որ օրենքին հակառակ լինի՞ ամեն ինչ»:

Վկայակոչելով Արտակ Բուդաղյանի նախաքննական ցուցմունքները, Հայկ Ալումյանը այսօր նշել էր, որ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ «Լորետա Բարսեղյանը բղավում էր` Սուրիկ էս ի՞նչ արիր, բա ասում էիր` սենց բան էլ չի լինի»:

«Եթե հավատում ենք, որ դա ճշմարտություն է, եկեք հավատանք, որ Արտակ Բուդաղյանը նույն այդ ցուցմունքում նաև ասել է` եղբայրս ասում էր` Արտակ պետք չի: Ի՞նչը պետք չի, մի կրակիր, մի արա: Ինչո՞ւ էր Ավետիք Բուդաղյանը փորձում Արտակ Բուդաղյանի ձեռքից խլել նրա այդ փամփուշտ չունեցող հրազենը, որովհետև չգիտեր, որ մեջը փամփուշտ չկա», -այդ կապակցությամբ հավելել էՌուբեն Սահակյանը:

Խաչատրյանի փաստաբանը «սթրեսի» մեջ գտնվող հասարակությանը հարց է տալիս. «Ի՞նչ կանեիք դուք, եթե մեկը զինված գար ու ասեր` սպանելու եմ, ոչնչացնելու եմ, ձեր ցեղը վերացնելու եմ, ձեր սենցը, ձեր ընենցը: Ի՞նչ կանեիք դուք»:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս