Գալուստ Սահակյանը՝ Սուրեն Խաչատրյանին պաշտոն տալու և հայ ժողովրդի մասին

«Հենց որ իրավապահ մարմիններում մի նշանակալից պաշտոն ունենամ, լիազոր մարմին, կկարողանամ պատասխանել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ  Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին քննչական մարմնի որոշմանը:

Գ. Սահակյանը նշեց, թե դա հետաքննող մարմնի գործն է, այն էլ՝ «հատորներ»-ով, որի բացատրությունը ինքը չէ, որ պետք է տա. «Գտել են նպատակահարմար այդպես կամ իրողությունն այդպիսին է: Այլ բան է, որ մենք կհավատա՞նք, թե՞ չէ, մենք մտածում ենք, որ մենք պիտի կարողանանք մտքեր, գործողություններ կատարենք, որ հայ ժողովորդը օջախ-օջախ ձեռք բարձրացնեն: Հայ ժողովուրդը հարթ գլուխների ժողովուրդ չէ: Նրանք իրենց տեսակետները պիտի արտահայտեն: Համենայնդեպս, կարծում եմ, նման հարցադրումներ կարող եք անել լիազոր մարմիններին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սուրեն Խաչատրյանը կրկին վերանշանակվի Սյունիքի մարզպետ, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է՝ յուրաքանչյուր մարդ, ՀՀ քաղաքացի այնպես չէ, որ ձախողվում են կամ հրաժարվում են, ուրեմն հայոց երկնակամարի տակ որևէ տեղ չունեն: Իսկ ինչ վերաբերվում է մարզպետ գալուն, նման հարց չի էլ կարող քննարկվել, քանի որ մարզպետի տեղ էլ չունենք, որ մարզպետ գա»:

Նա շեշտեց, որ բոլոր գործողությունները կամ կառավարման մոդելները հավերժական գործիքներ չեն՝ փոփոխվող են: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ մեկ այլ պաշտոնում առաջարկվի Սուերն Խաչատրյանի թեկնածությունը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, թե հարցը պետք է ուղղել կառավարությանը, բայց նշեց.

«Եթե այնպիսի տեղ է, նպատակահարմար է անձը, կարող է և լինել»:

168.am-ի դիտարկմանը, թե հայտնի միջադեպը խոչընդոտ չի՞ կարող հանդիսանալ պաշտոնի հարցում, նա այսպես արձագանքեց. «Եթե մեղավոր լինի, իհարկե, կարող է խոչընդոտ լինել, եթե մեղավոր չէ՝ ինչո՞ւ պետք է հանդիսանա: Իսկ ես դատավոր չեմ, որպեսզի իմանամ՝ ով է մեղավոր: Դրա համար ուշի ուշով հետևում ենք հետաքննող մարմնի գործողություններին»:

Տեսանյութեր

Լրահոս