Ակտիվիստները կոչ են անում սեպտեմբերի 10-ին հավաքվել քաղաքապետարանի մոտ
Հարգելի քաղաքացի′,
այս տարվա հունիսին Երևանի քաղաքապետարանը փորձեց ուժի մեջ մտցնել հասարակության հաշվին գերշահույթ ստացող գծատեր-օլիգարխների շահերը պաշտպանող ապօրինի որոշումը, որի համաձայն Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100-ից դառնալու էր 150 դրամ: Ուղեվարձի թանկացումն առաջացրեց բողոքի հսկայական ալիք հանրության լայն շրջանակներում, ինչի հետևանքով քաղաքապետարանը ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել տվյալ որոշումը: Քանի որ որոշումն ընդամենը ԿԱՍԵՑՎԱԾ է, ոչ թե չեղյալ հայտարարված, մի շարք քաղաքացիներ շուրջ 45 օր անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը, քանի որ
- վերջիններս ոչ միայն հանդիսանում են ապօրինի որոշման կայացման անմիջական պատասխանատուներ, այլ նաև, իրենց մանկլավիկների հետ, խաղաղ ցուցարարների դեմ ցուցաբերեցին սանձարձակ, փողոցային խուժանին բնորոշ վարքագիծ՝ հայհոյելով և ծեծի ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցներին:
- հունվարին սպասվող հանրային տրանսպորտի թանկացումների համար արդեն ձևավորվել է կեղծ հանձնաժողով, որում որոշիչ դեր ունեն նշված պաշտոնյաները:
Հետևաբար, այս պաշտոնյաների օր առաջ հեռացումը խիստ կարևոր է:
Ցավալիորեն, քաղաքապետարանը և պետական իշխանության այլ կառույցներ, մասնավորապես ոստիկանությունը, այս անգամ էլ մնացին օլիգարխիայի և կոռումպացված պաշտոնյաների շահերը սպասարկողի կարգավիճակում, և ամեն կերպ սկսեցին ճնշել հանրության արդարացի պահանջը բարձրացրած քաղաքացիներին: Արդյունքում, ավելի քան 50 քաղաքացիներ արդեն բռնի կերպով բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ՝ առանց իրավական հիմնավորման: Ավելին, վերջին շրջանում, ոստիկանության անգործության ու թողտվության պայմաններում, այդ ճնշիչ գործունեության մեջ են ներգրավվել վերոնշյալ պաշտոնյաների որդիները և մանկլավիկները, ովքեր, ինքնադատաստանի սկզբունքով, քաղաքապետարանի մերձակա տարածքներում ծեծի ու բռնության են ենթարկել նստացույցի աջակիցներից արդեն 7 հոգու:
Այս խնդրի լուծումն առաջին քայլն է ուղղված մյուս առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ վճարովի ավտոկայանատեղիներ, ուսման վարձի թանկացում, մշակութային հուշարձանների խեղում (Փակ շուկա…), ապօրինի շինարարություն (Կոմիտաս 5…), կանաչ տարածքների ոչնչացում…
Քանի որ Երևանի կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող ավագանին մինչ հիմա հանցավոր լռություն է ցուցաբերում ապօրինի որոշման անմիջական մասնակիցներ Միսակ Համբարձումյանի ու Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության հարցում, սեպտեմբերի 10-ին մի խումբ քաղաքացիներ մասնակցելու են Երևանի ավագանու նիստին և հանդես են գալու նշված պաշտոնյաների պաշտոնանկության պահանջով:
Կոչ ենք անում քեզ սեպտեմբերի 10-ին գալ քաղաքապետարան և մասնակցել տվյալ պահանջի բարձրաձայնմանը:
Միասին հասնենք նրան, որ Հայաստանում ստեղծվի կոռումպացված և հասարակության հանդեպ անհարգալից վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու նախադեպ: Դրանով մենք միասին կկանխենք թե′ տրանսպորտի՝ հունվարին սպասվող թանկացումը, թե′ նման ապօրինի որոշումների կրկնությունը ապագայում:
«Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնություն



