Բաղրամյանի գլխավոր բժիշկը կալանավորվեց
alltv.am-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան լրացել է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանի ձերբակալման 72 ժամը: ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից կայքը տեղեկացել է, որ Հարությունյանը ձերբակալվել էր ոստիկանության գլխավոր վարչության վարույթում գտնվող մեկ այլ գործի շրջանակներում:
Բաղրամյանի գլխավոր բժշկի ձերբակալման հիմքերը Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը չգիտեր, բայց Հարությունյանին բնութագրեց որպես սրտացավ բժիշկ ու լավ մարդ: Գագիկ Հարությունյանը 1986 թվականին մայրաքաղաքից տեղափոխվել էր Մյասնիկյան, բնակություն հաստատել և բժշկական կենտրոնում սկզբում որպես վիրաբույժ, այնուհետև՝ 1993 թվականից բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ նշանակվել: Ըստ գյուղապետի, Հարությունյանի աշխատանքային 27 տարիների ընթացքում որևէ խնդիր, կապված բժշկական գործունեության հետ, չի լսել:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին: Իսկ սեպտեմբերի 6-ի երեկոյան լրացավ ձերբակալման 72 ժամը և դատարանը Գագիկ Հարությունյանին կալանավորեց երկու ամիս ժամկետով: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռքբերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով: