Մաքսային միության հարցը մարդկանց չի հետաքրքրում. սահմանային կետերը՝ ապացույց

Իրականում հասարակության լայն շերտերին չի հետաքրքրում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելը: Քաղաքական վերլուծաբանների կամ լրագրողների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունը, զգացմունքային են, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունն ու ազատությունը կորցնելը կապ չունի այս կամ այն միությանը անդամագրվելու հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Անկախությունն ու ինքնիշխանությունը որոշվում են լրիվ ուրիշ գործոններով: Բնավ, կապ չունի՝ դու Մաքսային միության մեջ ես, թե Ասոցացման պայմանագիր ես ստորագրում: Քաղաքակրթական հարց այստեղ չկա: Այստեղ մեկ հարց կա՝ գործող նախագահը ցանկանում է բարեփոխումներ անել, թե չի ցանկանում: Եթե ցանկանում է, նա բարեփոխումներ կանի լինելով Մաքսային միության մեջ: Եթե չի ցանկանում, նա բարեփոխումներ չի անի՝ լինելով անգամ Եվրամիության ասոցացման պայմանագրի մեջ: Հայաստանի ինքնիշխանությունն իջնում է ոչ թե այս կամ այն միության մեջ մտնելով՝ այլ արտագաղթով, տնտեսական զրո մակարդակով, քաղաքական զրո մակարդակով, հասարակության լրիվ անտարբերությամբ, ինչի ապացույցն էր Բաղրամյան 26-ի մոտ կայացած երեկվա ակցիան, որին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել: Ամենակարևորը՝ այս հարցը չի հետաքրքրում հասարակությանը: Նայեք՝ Բագրատաշեն, Բավրա, «Զվարթնոց» օդանավակայան, իսկ այժմ էլ Թբիլիսիի օդանավակայան, և կտեսնենք, թե ինչպիսի մեծ հոսքերով հայաստանցիները հեռանում են», – ասել է Բադալյանը:

Նա նշել է, որ այդ հարցի շուրջ հանրաքվե պահանջելն էլ անիմաստ է, որովհետև իշխանությունները կկեղծեն նաև հանրաքվեի արդյունքները, ինչպես կեղծում են ընտրությունների արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս