Բաժիններ՝

«Հայոց Արծիվները»՝ մարտական հենակետերում

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ» ՀՀԿ)  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր հյուսիսային Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին  շնորհավորելու   ԼՂՀ Անկախության 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ անկախության 22-րդ  տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ՝ Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայոց Արծիվները» 3,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 530-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:

Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանագծի մարտական երեք հենակետերում կազմակերպած երեք  միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաներն ու զինվորները:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին, հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին Արցախի և Հայաստանի անկախությունների 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 530-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս