Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ են առաջացրել եւ այս պահին հիվանդանոցում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: Մասնագետների հավաստմամբ` գեներալի առողջական վիճակը կբարելավվի, սակայն լիարժեք առողջացման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը Փարիզում հաջող է անցել: Խնդիրն այն է, որ անհրաժեշտություն է եղել նաեւ հետվիրահատական որոշ պրոցեդուրաներ անցնել, որոնք նախօրոք պլանավորված են եղել: Բժիշկները գեներալին զգուշացրել են, որ չի կարելի ամբողջ կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, որ մեկ ամիս չի կարելի անգամ ինքնաթիռ նստել: «Սակայն, Մանվել Գրիգորյանը որոշել է, որ ինքն անձամբ պետք է մասնակցի դեպի Արցախ ուխտագնացությանը եւ ժամանակից շուտ ինքնաթիռով վերադարձել Հայաստան: Ինքնին հասկանալի է ուխտագնացությանը մասնակցելու գեներալի ցանկությունը: 2000 թվականից անցկացվող այս ամենամյա ուխտագնացությունների հիմնադիրն անձամբ Մանվել Գրիգորյանն է, իսկ ուխտագնացության ակունքները գալիս են դեռ 1993-ից, երբ գեներալի մայրը, զոհված տղաների հարազատների ուղեկցությամբ, գուլպաներ եւ մթերք վերցնելով, մեկնեց առաջին գիծ, ուր տղաները եւ պատերազմում էին, եւ խաչքարեր կանգնեցնում զոհված ընկերների հիշատակին»,- մանրամասնեց Վարդան Վարդանյանը եւ ավելացրեց, որ ցավոք, բուժման ռեժիմի խախտումը Մանվել Գրիգորյանի մոտ որոշակի առողջական բարդություններ է առաջացրել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: