
Պատգամավորների ներկայությունն արագացրել է ուսանողի ազատ արձակումը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հաստատել է մամուլում արդեն իսկ տեղ գտած այն տեղեկությունները, թե ԵՊՀ-ի բակից Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված ուսանողն ազատ է արձակվել միայն այն բանից հետո, երբ Ոստիկանություն են ժամանել ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը:
«Ուզում եմ նշել, որ Էլինար Վարդանյանը ժամանել էր ավել շուտ, և ես նրան արդեն բաժանմունքում հանդիպեցի»,- կայքի թղթակցի հետ զրույցում նշել է պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ի դեպ, նա չի թաքցրել, որ հատկապես իրենց ներկայությունն է արագացրել բերման ենթարկված ուսանողի՝ օրենքով նախատեսված ժամկետում ազատ արձակելուն:
«Կարծում եմ՝ մեր այնտեղ գտնվելն ստիպեց ոստիկաններին, որպեսզի արագացնեն փաստաթղթերի կազմման գործընթացը, քանի որ նրանք հասկացան, թե ովքեր են ներկա գտնվում եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իրենց համար»,- նշել է Թևան Պողոսյանը եւ հավելել. «Համենայնդեպս, մեր այնտեղ գտնվելու պահից սկսած՝ ոստիկանները փորձում էին իրենց ավելի կոռեկտ պահել»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին ոստիկանություն բերման էին ենթարկել ԵՊՀ-ի բակից, որտեղ վերջինն իր մի խումբ դասընկերների հետ բողոքի ակցիա էին անցկացնում ուսման վարձվճարների բարձրացման դեմ:
Ըստ պաշտոնապես չհաստատված եւ չհերքված տեղեկությունների՝ ուսանողին բերման ենթարկելու պատճառը, ի հեճուկս ոստիկանների արգելքի, բարձրախոսով հայտարարություններ հնչեցնելն է եղել:
Նշենք նաև, որ Հարություն Մկրտչյանին ոստիկանությունից ազատ են արձակել՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը՝ 3 ժամը լրանալուն պես: