Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»: 

Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը` Տիգրան Սարգսյանը նշել է«Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին: Կազմակերպում էինք ապրիլքսանչորսյան միջոցառումներ, զբաղվում հայրենասիրական խնդիրների շուրջ քննարկումներով: Վերադառնալով Երևան` 1988-ին աշխատանքի ընդունվեցի տեղի պլանավորման և հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Այսինքն, արցախյան շարժման բուռն իրադարձությունների մեջ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո, երբ դեռևս գաղափարախոսական ընդհատակյա պայքար էր գնում: 1988-ին ժամանեցի Ստեփանակերտ` թռուցիկներով լի ճամպրուկով, որպեսզի դրանք տարածենք այստեղ: Հետագայում արդեն տեղյակ եք, որ Երևանում սկսվեց սկզբից բնապահպանական շարժումը, որն էլ սահուն կերպով տեղափոխվեց քաղաքական դաշտ»:

Հանդիպման ավարտին ուսանողները և համալսարանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` իրենց հյուրընկալվելու համար և Տիգրան Սարգսյանին նվիրել ղարաբաղյան բարբառի բառարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս