«Եկել եք՝ շոու սարքեք, որ ի՞նչ անեք». Ակտիվիստները մի քանի հեռուստաալիքների ներկայացուցիչներից պահանջեցին հեռանալ (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մաշտոցի պուրակում քաղաքային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցավ բաց քննարկում, սակայն մինչ դրա սկսվելը բավական արտառոց դեպք տեղի ունեցավ: «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Հարությունյանը հեռուստատեսության մի քանի ներկայացուցիչներից պահանջեց հեռանալ: Նա հայտարարեց, որ հեռուստաալիքների մեծ մասը, հատկապես` «Արմնյուզը», «Շանթը» և Հանրային հեռուստատեսությունը չեն երևացել ոչ մի քննարկման ժամանակ և քաղաքացիական շարժումները լուսաբանել են կողմնակալ կերպով, իսկ այժմ եկել են նկարահանելու և դրանից «շոու» սարքելու: Առաջարկն արժանացավ ներկա ակտիվիստների հավանությանը:
«Առաջարկում եմ` «Շանթը», «Արմնյուզը», է՞լ ով կա… «Հ1»-ը: «Հ1»-ն ընդհանրապես պետք է չգար, չգիտեմ` ինչո՞ւ է եկել: Եթե այդքան քննարկումներ են լինում, ինչո՞ւ չեք գալիս, եկել եք՝ շոու սարքեք, որ ի՞նչ անեք»,- ասաց ակտիվիստը:
Հեռանալու պահանջին հետևեցին «Արմնյուզը» և Հանրային հեռուստատեսությունը, իսկ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչները հրաժարվեցին լքել քննարկումը, որից հետո մի քանիսը փակեցին «Շանթի» տեսախցիկի տեսադաշտը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: