Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է եղել. պարզաբանում է փաստաբանը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով որոշ փորձաքննություններ ավարտվել են և արդյունքները փոխանցվել են պաշտպանական կողմին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանից:

Դիտարկմանը, թե, ըստ որոշ տեղեկությունների՝ փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ Սուրեն Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել, փաստաբանն ասել է. «Նման տեղեկություն տարածողները անբարեխիղճ են, որովհետև նրանք չպետք է իմանային այդ մասին: Եթե անգամ Տիգրան Խաչատրյանը օգտագործել է թմրանյութ, ապա դա որևէ առնչություն չունի նրա վերագրված արարքի հետ: Իրեն հարգող իրավաբանը, ով իրեն իրավաբան է համարում, գիտի, որ եթե անգամ ագրեսիվ էլ եղած լինի թմրանյութ օգտագործած անձը և միաժամանակ գործած որոշակի պայմաններում, որոնք բացառում են նրա արարքում հանցակազմի հատկանիշները, ապա թմրանյութ օգտագործելը բացարձակ նշանակություն չունի: Բավական է շահարկել այդ հանգամանքը»:

Հարցին, արդյոք փորձաքննության արդյունքները բացառո՞ւմ են Տիգրան Խաչատրյանի արարքում հանցակազմը, Ռուբեն Սահակյանը պատասխանել է. «Արդյունքների մասին ես այսօր մեկնաբանություն չեմ տա: Ինչ վերլուծություն կտամ իմ պաշտպանյալի պաշտպանական գործողությունների ընթացքում, դա կզգաք այն ժամանակ, երբ դրա ժամանակը գա: Փաստաբանը պարտավոր չէ բացահայտել իր պաշտպանական տակտիկան ժամանակից շուտ: Հակառակ դեպքում՝ նա փաստաբան չէ: Կգա մի օր, երբ ինքս կհրավիրեմ ասուլիս և կխոսեմ: Բայց այդ օրը դեռ չի եկել: Ինչպես նաև չգիտեմ այդ օրը մեկ օր հետ կգա, 20, թե 50»:

Նա նաև տեղեկացրել է, որ դեռ չգիտի, թե նախաքննությունը ինչ հունով է ընթանում և չի ցանկանում միջամտել, որ որևէ մեկը չասի, թե ինչ-որ կերպ միջամտել է նախաքննական մարմնի գործողություններին: «Ես սպասում եմ այն պահին, երբ կարող եմ արտահայտվել և հասարակությանը բացատրել, որ այն չի՝ ինչ-որ դուք ուզում եք, այն չի՝ ինչ-որ դուք ցանկանում եք: Այսօր վիճակը լրիվ այլ է, քան ձեզ ներկայացվում է կամ դուք ցանկանում եք: Շատ վատ է, երբ վաղը ասենք մեկ ուրիշի հարազատին մի բան կպատահի, որին մեկ ուրիշը վատ է տրամադրված: Մենք այստեղ գործ ունենք Տիգրան Խաչատրյանի և, ոչ թե Սուրեն Խաչատրյանի հետ»,- ավելացրել է փաստաբանը:

Կարդացեք նաև

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս