Համայնքների եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44.3 միլիարդ դրամ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ`նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երևանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ`2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:
Թեև գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանձնարարել է քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները և հետևողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ: