«Նուվել դ´Արմենի» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի ձայնագրությունը կցվեց «Հարսնաքարի» գործին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված մի քանի միջնորդությունները:

Նախ, դատարանում քննարկվեց տուժողների ներկայացուցիչների՝ դատակոչը լրացնելու մասին միջնորդությունը: Նշենք, որ միջնորդության մեջ ներառված որոշ անձիք դատարանում արդեն հարցաքննվել են: Մյուս անձանց մասով դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը: Տիգրան Եգորյանը միջնորդեց որպես մասնագետներ դատարան հրավիրել երեք նեյրովիրաբույժների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց կողմից կասկածի տակ է դրվում դատաբժշական փորձաքննության լրիվությունը: Խոսքը մասնավորապես վերաբերվում է այն հանգամանքին, որ դատաբժշկական փորձաքննության մեջ տեղեկություններ չկան տուժող Վահե Ավետյանի գլխուղեղի մահվան մասին: Դատարանը մերժեց Տ. Եգորյանի միջնորդությունը:

Տիգրան Եգորյանը նիստի ընթացքում դատարանին ներկայացրեց բժիշկ Լևոն Գալստյանի և ավստրիացի մի պրոֆեսորի գրագրության թարգմանությունը: Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը, կարծիք հայտնելով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ, ասաց, որ տպավորություն է ստեղծվում, թե նշված փաստաթղթում ասված է, որ Վահե Ավետյանի գլխուղեղը մահացած է եղել, սակայն փաստաթղթում նման հանգամանք չկա:

Գործով տուժողների ներկայացուցիչը դատարան ներկայացեց նաև  «Նուվել դ´Արմենի» ամսագրի լրագրող Սեդա Մավյանի՝ Ռուբեն Հայրապետյանի հետ անցկացրած հարցազրույցի ձայնագրությունը և դրա սղագրությունը: Ըստ փաստաբանի՝ հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանի հայտնած որոշ տվյալներ կարող են էական նշանակություն ունենալ գործի համար: Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց հարցազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը կցել քրեական գործին:

Նշենք, որ դատական այս նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով: Նիստին ուշացումով ներկայացավ Տ. Եգորյանը: Դատարանում Տիգրան Եգորյանն ասաց, որ ուշացումը պայմանավորված է Սահմանադրական դատարան փաստաթուղթ ներկայացնելու հանգամանքով: Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց դատական սանկցիա չկիրառել տուժողների ներկայացուցչի նկատմամբ, ինչից հետո գործով ամբասատանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը դատարանին խնդրեց «ավելի ռադիկալ» միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի:

Նշենք, որ դատաքննության նախապատրաստական փուլում տուժողների ներկայացուցիչները ներկայացրել էին նաև այլ միջնորդություններ, որոնց քննրակումը հետաձգվել էր: Դրանք կքննարկվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս