«Ալ-Քաիդայի» զինյալները Կահիրեում միացել են Մուրսիի կողմնակիցներին. Al-Masry Al-Youm
Եգիպտական Al-Masry Al-Youm թերթի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» զինյալները միացել են Կահիրեի «ան-Նահդ» հրապարակում անժամկետ բողոքի ակցիաներ անցկացնող նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներին:
Այս մասին հրապարակի գլխավոր ամբիոնից հայտարարել է ցուցարարներից մեկը: Վերջինիս խոսքերով՝ ակցիային «Ալ-Քաիդա» խմբավորման միանալն անհրաժեշտ է, քանի որ այդ մարդիկ ունեն յուրաքանչյուր հարձակման, որին կարող է ենթարկվել հրապարակը, դեմ պաշտպանություն կազմակերպելու մեծ փորձ:
Ականատեսների խոսքերով՝ վերջին օրերին հիրավի տվյալ հրապարակում ավելացել է «Ալ-Քաիդայի» սև դրոշների քանակը: Ցուցարարները հրապարակի մատույցներում կառուցել են պաշտպանական արգելապատնեշներ՝ օգտագործելով ավազե պարկեր, աղյուսներ ու մետաղական կառույցներ:
Հրապարակում կարելի է հայտնվել մի քանի անցակետով անցնելուց հետո, որոնց հիմնել են ցուցարարները: Եգիպտական իշխանությունները քանիցս դիմել են ցուցարարներին՝ կոչ անելով ցրվել: Սակայն նրանք ենթարկվում են միայն «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին, որոնք իրենց կողմնակիցներին համացանցի միջոցով ամեն օր կոչ են անում շարունակել ակցիաները: