Բաժիններ՝

«Բուրդ չփխենք միասին». Սյուզան Սիմոնյանը մտադիր է բուրդ լվանալ Երևանի քաղաքապետարանի դիմաց

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիական ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը կոչով դիմում է բոլոր հայ մայրերին՝ ի նշան բողոքի տանել ու Երևանի քաղաքապետարանի դիմաց բուրդ լվանալ: Նա ասում է, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է իրականացնել այդ գործողությունը, քանի որ երևանցիների հարկերից սնվող կառույցը իր ժողովրդի գումարները անտեղի վատնում է՝ ջրի շիթերով ողողելով տարածքը և դրանով իսկ խանգարելով ակցիա իրականացնող ակտիվիստներին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Սյուզան Սիմոնյանն ասել է. «Բուրդ է պետք լվանալ ու չփխել քաղաքապետարանի կողմից բացված հուսահատության առուներում, որպեսզի ցույց տանք դրանով, թե ինչպես ենք նրանց չփխելու, երբ ժամը վրա հասնի: Այս առաջարկս ուղղում եմ Հայաստանի մայրերին: Միանանք և ցույց տանք սրանց մեր ավանդական մեթոդը և այն, որ մենք ուժեղ ենք ու համարձակ, քանզի խոսքը վերաբերվում է մեր զավակների ապագային: Իսկ այդ դեպքում վախն ո՞ւմ շունն է, որ բույն դնի մեր հոգիներում»:

Ակտիվիստը գնահատելով երիտասարդների անցած մի քանի օրերի պայքարը` հայտարարեց, որ այդ պայքարը ինքնին լուսավոր ու պայծառ է, որովհետև այն սկսվել և իրականացվում է երիտասարդների ջանքերով:

«Հպարտ եմ նրանցով և վստահ եմ, որ նրանք դեռ անելու են այն, ինչը չի հաջողվել նախկին սերունդներին, և ինչը կթերանանք անել մենք՝ այսօրվա ավագ սերունդը: Սակայն այդ պայքարը ուներ բազմաթիվ ծալքեր և կողմեր: Ինչպես միշտ ցանկացած ազնիվ նախաձեռնության մեջ ռեժիմը կարողանում է ներդնել իր սպասարկուներին, այս դեպքում` իր երիտխմբերին: Եվ հաղթանակի հենց հաջորդ օրը ապացուցվեց ասածս, երբ շատերը հեռացան հանուն արժանապատիվ կյանքի տարվող պայքարից: Պարզ է, որ ռեժիմը սրանով որոշակի նպատակներ էր հետապնդում: Դրանցից մեկը՝ մոռանալ տալ այն բոլոր բացահայտված հանցագործությունները…Չէ՞ որ հիմա մոռացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին օֆշորն ու չարաշահումները: Սա ռեժիմն է, և սա ռեժիմի ձեռագիրն է»:

Սյուզան Սիմոնյանը գնահատեց նաև այս ընթացքում ընդդիմադիր գործիչների պահվածքը՝ միաժամանակ հայտարարելով, որ Նախախորհրդարանը, որին ինքը անդամակցում է, ժողովրդի ու ակտիվիստների կողքին է և ունի գործուն մասնակցություն ակցիային:

«Ինչ վերաբերվում է ընդդիմադիր գործիչների գործողություններին, ապա դրանք վաղուց ի վեր նշմարելի չեն: Եվ այդ առումով չեմ կարող որևէ բան ավելացնել, միայն խորհուրդ կտամ իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներին կամ կուսակցություններին իրենց գործողություններով չխանգարել քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություններին»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս