Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանն այսօր Երևանում հանդիպել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, հասկանալի պատճառներով չեն ներկայացվել ԶԼՄ-ներին, իսկ ինչ վերաբերում է կասկածյալի պահման և նրան դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման հանգամանքներին, փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնեց բառացիորեն հետևյալը. «Օրերս՝ հուլիսի 23-ին, ես հանձն եմ առել այս գործը, իսկ արդեն հուլիսի 24-ին ես և իմ գործընկերները քննիչից ստացել ենք մեկուսարանում մեղադրյալին այցելելու թույլտվություն, և հուլիսի 25-ին ես անձամբ հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:

Պահման պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նոր Նախիջևանի և Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը թույլտվություն է խնդրել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչները մուտք գործեն Հարությունյանի մոտ: Նման վիճակում հոգևոր աջակցությունը խիստ անհրաժեշտ է մարդուն, և մենք քայլեր ենք ձեռնարկում այդ հանդիպումը կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց, ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականը այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումը անհետևանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը արդեն իսկ համապատասխան դիմում է ուղարկել, իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան, և՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին, պատրաստվում եմ այն հասցնել տրամաբանական ավարտի:

Ակնհայտ է, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես ակնառու օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով քրեական դատավարության գործընթացում հայտնվել է կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում: Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել իրավախախտում
մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում: Քննիչը, «իբր», պարտավոր չէր հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:

Ուղեկցողները ևս «իբր» կապ չունեին. այդ պահին ձերբակալվածի համար պատասխանատու էիր ոչ թե Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը, այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք պարզապես հսկում էին ձերբակալվածին հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին նրա համար այլ հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը նրանց նախաձեռնությունը չէր: Իսկ դատավո՞րը… Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե և դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր: Ոչ ոք «իբր» մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին նկատողություն տալով: Կրկնվեմ՝ բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք»:

Բացի այդ, փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով հասարակական հիմունքներով ստանձնել է Նոր Նախիջևանի ու Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի կողմից վերջերս Մոսկվայում ստեղծված Անվճար իրավաբանական աջակցության կենտրոնի ղեկավարությունը, Պաշտպանին ներկայացրեց իրենց գործունեությունը՝ առաջկելով քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնի համագործակցության հնարավորությունները:

Պաշտպանի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս