Բաժիններ՝

«Ֆիլմ ճամբար» ծրագիրը՝ Գյումրիում (լուսանկարներ)

Օրեր առաջ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, «Ազգային առաջնորդության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և ամերիկյան «In Side out Global» կազմակերպության կողմից համատեղ իրականացված հայաստանյան «Ֆիլմ ճամբար»  ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 15 պատանիների կողմից նկարահանված  կարճամետրաժ ֆիլմերի և սոցիալական տեսահոլովակների առաջին ցուցադրությունը:

Գյումրիում առաջին անգամ կազմակերպվել էր «Ֆիլմ ճամբար» Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ և Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի աջակցությամբ: Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնն իր հարկի տակ էր համախմբել հյուրերի արտերկրից, «Ազգային առաջնորդության ինստիտուտ» հ/կ-ի և «In Side out Global» կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդների, ովքեր կարողացել էին շատ կարճ ժամանակահատվածում սովորել ֆիլմարտադրության հիմնական սկզբունքները:

Gyumri-Film (4)

Gyumri-Film (1)

Երեկոն սկսվեց ընդհանրական աղոթքով  Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պանֆյորովի առաջնորդությամբ:  Այնուհետև իր խոսքում «Ազգային առաջնորդության ինստիտուտ» հ/կ-ի հիմնադիր Պետրոս Մալաքյանը նշեց, որ շատ երջանիկ է Հայաստանում՝ Գյումրիում գտնվելու համար և շատ ուրախ, որ հնարավոր եղավ Գյումրիում իրականացնել «Ֆիլմ ճամբար» ծրագիրը:

Ծրագրի մասնակից երիտասարդները ֆիլմարտադրության հիմունքներին նվիրված դասընթացների շնորհիվ սովորեցին ֆիլմ նկարել, ընդ որում, ֆիլմերի և ՛ ռեժիսորները, և ՛ սցենարիստները, և ՛ լուսային էֆեկտների  ու երաժշտական ձևավորման հեղինակներն իրենք` երեխաներն էին:

Gyumri-Film (3)

Շնորհանդեսին ներկա էին կազմակերպչական թիմի անդամներ Նինա Խաչատրյանը, Արևիկ Մուսոյանը, Անի Ելիկյանը, Արթուր Ադամյանը և այլք: «In Side out Global» կազմակերպության ներկայացուցիչներն իրենց խոսքում նշեցին. «Մենք պիտի պայքարենք, որ մեր երիտասարդությունը լինի ուժեղ, պիտի ոգևորենք նրանց: Բոլորս ենք սիրում ֆիլմ դիտել, հավատացե ՛ք, մեկ շաբաթում ֆիլմ նկարելն այն երիտասարդների համար, ովքեր մինչ այս չգիտեին ոչինչ ֆիլմարտադրության մասին, բավականին բարդ գործընթաց էր: Իսկ այսօր նրանք ներկայացնում են մեկ շաբաթում արված աշխատանքները` երկու կարճամետրաժ ֆիլմ և երկու սոցիալական գովազդ»:

Gyumri-film111

«Ֆիլմ ճամբար» ծրագրի մասնակից 15 երիտասարդները բաժանվել էին երկու աշխատանքային թիմերի, որոնց անվանումները ևս ընտրել էին երիտասարդները` «ԳրանդԱրմ» ֆիլմ խումբ և «ՏԻՊ» ֆիլմարտադրություն: «ԳրանդԱրմ» խմբի  կարճամետրաժ ֆիլմի անվանումն էր «Ակամա փոստատարը», իսկ «ՏԻՊ» ֆիլմարտադրության կարճամետրաժ ֆիլմը կոչվում էր «Ես կռնամ», և պատմում էր մի աղջնակի մասին, ով սարսափելի վախենալով ջրից և լողալուց` այնուամենայնիվ, կարողանում է խեղդվելուց փրկել իր փոքրիկ եղբորը: Ֆիլմերի ցուցադրությունից հետո աշխատանքային թիմերին շնորհվեցին պատվոգրեր` ի նշան «Ֆիլմ ճամբար» ծրագրին գերազանց մասնակցության:

Ողջունելով երիտասարդներին և ունկնդիրներին` Տեր Նշան քահանա Պանֆյորովը նշեց. «Ինքս շատ եմ սիրում ֆիլմ դիտել և պլանավորում եմ ֆիլմ կամ որևիցե հաղորդում նկարահանել (ծիծաղում է): Ես էլ բարեբախտություն ունեցա այս գեղեցիկ ծրագրից ինձ համար նոր գիտելիքներ քաղել` կապված ֆիլմարտադրության հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքային թիմին: Մենք բոլորս պիտի փորձենք մեր երիտասարդների մեջ բացահայտել ու դուրս բերել տաղանդներ և վստահություն սերմանել նրանց մեջ ապագայի նկատմամբ: Վստահ եմ, որ երեխաները սիրեցին կինոնկարահանման պրոցեսը: Թող Աստված պահապան լինի բոլորիս»: Շնորհանդեսն, ինչպես սկսվեց աղոթքով, այնպես էլ ավարտին` որպես վերջաբան, Տեր Հոր առաջնորդությամբ ընդհանրական աղոթքով ավարտվեց:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս