Բաժիններ՝

«Պիտի ասենք` թողեք, ռադ եղեք». ազատամարտիկ Սասուն պապը նույնպես մասնակցում է նստացույցին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանի առջև շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների անժամկետ նստացույցը:

Երիտասարդների հետ միասին նստացույցին մասնակցում էր նաև ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով սովորաբար իր երիտասարդական ավյունով ակտիվ մասնակցություն է ունենում գրեթե բոլոր ընդդիմադիր, հասարակական-քաղաքական շարժումներին և ակցիաներին:

168.am-ի և Galatv.am-ի հետ զրույցում Սասուն պապը նշեց, որ մասնակցել է հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներին և ի տարբերություն երիտասարդների, ովքեր պահանջում էին 150 դրամի փոխարեն ուղեվարձի համար վճարել 100 դր., անգամ պահանջել է վճարել 50 դրամ:

«Մենք հաղթել ենք կռվում, իրենք էլ (երիտասարդները,- Ա.Ս.) հաղթում են այս պայքարի մեջ, քաջ են, ես հույս ունեմ, որ այսօրվա երիտասարդ սերունդը կարող է մեր հայրենիքը պահել, արժանի են մեզ փոխարինելու»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Միշտ, քանի կանք, իրենց հետ ենք, իրենք էլ մեզ հետ են, ազգովի…Մինչև հայ ազգը չմիավորվի, կուսակցությունները չթողնեն կուսակցություն-կուսակցություն խաղալը, միանան, մի բռունցք դառնան, առանձին-առանձին, որքան էլ հզոր լինենք, չենք կարող սրանց հաղթել, սրանք կոտորելով էլ մեզ կսպանեն…Դրա համար ամբողջ ազգը պետք է մի բռունցք դառնա` 88 թվի նման»,- նշեց նա:

Ո՞րը պետք է լինի հաջորդ խնդիրը, որի լուծմանը պետք է հետամուտ լինի հասարակությունը: Ի պատասխան մեր այս հարցին` Սասուն Միքայելյանը նշեց, որ պետք է պահանջել    իշխանության բոլոր ներկայացուցիչների հրաժարականը, քանի որ երիտասարդները սիրում են իրենց հայրենիքը, իսկ իշխանավորները` «իրենց աթոռը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս