Բաժիններ՝

«Շատ կցանկանամ՝ լինի մրցակից, որ զանազան վայրահաչություններ չլինեն, թե՝ Լևոն Անանյանը մրցակից չունեցավ, դարձավ նախագահ»

Վաղը տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը: Ինչպես միշտ, կանոնադրության ու վարչության կազմի ընտրությունից հետո ներկաները կքվեարկեն  ՀԳՄ նախագահի թեկնածուների օգտին: Այս պահին միակ թեկնածուն գործող նախագահ Լևոն Անանյանն է, բայց համագումարի ընթացքում բացառված չէ նոր թեկնածուների առաջադրումը: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նամակների միջոցով, գործող նախագահ Լևոն Անանյանի օգտին արդեն իրենց ձայներն են փոխանցել Սփյուռքի, Արցախի պատվիրակները:

168.am-ի հետ զրույցում Լևոն Անանյանը հաստատեց մեր տեղեկությունն ու նշեց. «Այո, մենք ունենք Սփյուռքից 100 հոգի, 40 հոգի՝ Արցախից, 300-ից ավելի Հայաստանի ներկայացուցիչներ, և հասարակական կազմակերպությունների մասին օրենքը թույլ է տալիս, որ նրանք բաց քվեարկությամբ ընտրեն իրենց նախագահին` հեռահաղորդակցության միջոցով: Այս ամենը կազմակերպվել է, և կա 150 ձայն: Նրանք օրենքով սահմանված կարգով իրենց ձայնը տվել են ՀԳՄ գործող նախագահին»:

Լևոն Անանյանը նաև նշեց, որ դեմոկրատական հիմունքներով քվեարկության կանոնակարգը թույլ է տալիս ՀԳՄ բոլոր անդամներին առաջադրվել թե՛ նախագահի, թե՛ վարչության կազմի անդամի պաշտոններում: Իր հնարավոր մրցակցի մասին խոսելիս՝ ՀԳՄ գործող նախագահը հավաստիացրեց, որ ինքը միայն ուրախ կլինի, եթե վաղն այլ թեկնածուներ էլ առաջադրվեն Միության նախագահի պաշտոնում. «Ես շատ կցանկանամ, որ լինի մրցակից, որ զանազան վայրահաչություններ չլինեն, թե՝ Լևոն Անանյանը մրցակից չունեցավ, դարձավ նախագահ: Յուրաքանչյուրը պետք է նայի գրական դաշտը, տեսնի` ո՞վ ավելի լավ կղեկավարի միությունը` դժվար ու պատասխանատու այս կառույցը, ու առաջադրվի: Դա իրենց իրավունքն է: Ես շատ կուզենամ, որ գա ավելի լավ նախագահ, անի ավելի լավ գործեր ու գրական կյանքն աշխուժացնի ավելի շատ: Որովհետև, անկեղծ ասած, ինքս դժգոհ եմ այն ամենից, ինչ անում եմ, ավելին անել չեմ կարող»,- ասաց Միության գործող նախագահը:

Լևոն Անանյանն անկեղծացավ` նշելով՝ «անում եմ այն, ինչ կարողանում եմ», բայց նրա խոսքով՝ չլինելով «հավակնոտ», երազում է տեսնել մեկին, ով ՀԳՄ-ի ծանր բեռը կվերցնի իր վրա ու իրեն էլ կօգնի. «Ես էլ մի քիչ կհանգստանամ, կզբաղվեմ իմ հոգու գործով` հանգիստ լինելով, որ կա մեկը, ով ինձնից հետո կվերցնի ղեկն ու չի կործանի ստեղծածը: Եթե մեկը խուլ ու համր է, թող նա էլ իմանա, որ ես արել եմ այն, ինչ չեն արել մյուս միությունները: Եվ սա ես չեմ ասում…»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս