Րաֆֆին կփրկի՞ Տարոնին

Այսօր հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել օգոստոսի 1-ից օգոստոսի 22-ն Ազատություն հրապարակում հավաքներ անցկացնելու մասին: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, իհարկե, ասել է, որ դա չի նշանակում, թե նշված բոլոր օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ են կայանալու, բայց նաև չի բացառել, որ հանրահավաքներ, այնուամենայնիվ, տեղի կունենան: «Նախօրոք հայտ ենք ներկայացրել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր քննարկումների անցկացման մասին, դրա համար «պահել ենք» հրապարակը, որ կարողանանք կազմակերպել դրանք: Իհարկե, հնարավոր է` հանրահավաք էլ լինի մեզ մոտ, ինչի մասին կտեղեկացնենք»,- ասել է նա:

Թե ինչո՞ւ է «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանի քննարկումների համար «ամրագրել» հատկապես Ազատության հրապարակը, դժվար է ասել: Հատկապես, որ նրա նախաձեռնած նախորդ քննարկումների մասնակիցները հարմարավետորեն տեղավորվել էին հյուրանոցային սրահներում: Բացառված չէ, իհարկե, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը» ոգևորել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները, որոնցում, հանուն արդարության, պետք է նշել,  քաղաքական ուժերից ամենամեծ լուման ներդրեցին հենց այս կուսակցության անդամները: Մյուս կողմից՝ այս օրերին, երբ փողոցը, այսպես ասած, քաղաքացիական նախաձեռնություններինն է, որոնք, մեղմ ասած, խուսափում են շարժմանը քաղաքական ուժերի միջամտությունից, իշխանության նպատակն էլ այդ շարժումն ամեն կերպ մարելն է, Ազատության հրապարակը «վերցնելու» նախաձեռնությունը կարող է անուղղակիորեն նպաստել դրան:

Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, մշտապես կարևորել է քաղաքացիական նախաձեռնությունների դերը, երբեմն անգամ չափից ավելի է կարևորել՝ ինքը դառնալով դրա զոհը: Բայց քաղաքացիական պայքարի այս վերջին հաղթանակի հիմքում, առաջին հերթին, ընկած էր կոնկրետությունը՝ առաջադրված խնդրի խիստ որոշակիությունը՝ ուղեվարձը 100 դրամ:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի հիմքում ճիշտ հակառակն է՝ առավելագույն չափով անորոշություն, «համապետականություն», «համազգայնություն», և այլն: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ քննարկման թեմա է: Տվյալ դեպքում՝ խնդիրն այն է, որ, եթե ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքի հաղթական փուլից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակը կրկին «լցնի» իր հայտարարությունների ու պահանջների անորոշությամբ, դա կարող է ևս մեկ հիասթափություն առաջացնել ակտիվիստ երիտասարդների շրջանում: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կուսակցությունը «դավադիր գործարք են կնքել» իշխանության կամ Տարոն Մարգարյանի հետ և դրա համար են «ամրագրել»,  կամ, ինչպես ասում են՝ «բրոնյա արել» Ազատության հրապարակը: Պարզապես այս փուլում Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից, չկանխամտածված կարող է նպաստել բողոքի ալիքի մարմանը:

Տեսանյութեր

Լրահոս