Ակտիվիստները փուչիկներով ու բարի մաղթանքներով գնացել են դանակահարված վարորդին տեսակցելու
NEWS.am-ի փոխանցմամբ՝ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով այցելել են 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:
Ակցիայի մասնակիցները, թեեւ ծանոթ չէին վարորդին, բայց փուչիկներով, «պերեդաչիով» գնացին նրան տեսակցելու:
Ակտիվիստները ցանկանում էին անձամբ բոլորի անունից նրան առողջություն ցանկանալ: Երբ դանակահարված վարորդը տեսավ լուսավոր դեմքով եւ հաղթանակած երիտասարդներին, նրա դեմքին ժպիտ հայտնվեց: Ակտիվիստները փոխանցեցին, որ բոլորը ցավում են կատարվածի համար, սակայն փոքր ներկայացուցչական կազմով են եկել, քանի որ ակցիաները դեռ շարունակվում են:
Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում աշխատանքի անցնել, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց. «Մի քիչ ցավեր կա, անցնի մոտ 3-4 օրից աշխատանքի կանցնեմ: Լավ ա լինելու»: Նա նաեւ հավելեց, որ շատ ուրախ է, որ արդեն սակագինն իջեցրել են:
Վարորդը երիտասարդներին սիրով իրենց տուն է հրավիրել, սակայն երիտասարդները փոխանցեցին, որ շտապում են ակցիաների եւ առողջություն ցանկանալով վարորդին շտապեցին կիսատ գործը շարունակելու:
Կարդացեք այստեղ.
Լուսանկարները՝ news.am-ի