Բաժիններ՝

Տրանսպորտի վարչությունը ճնշում է փոխադրողներին. Տիգրան Հովհաննիսյան

Հասարակական տրանսպորտի ուղեվարձը նույնիսկ 150 դրամ թողնելու դեպքում շատ ընկերություններ ի վիճակի չեն այդ գնով սպասարկելու, իրավիճակը ճգնաժամային է, 2008թ-ից ի վեր փոխադրողները վնասով են աշխատում և հիմա շատերը սնանկացման են գնալու: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ փոխադրող կազմակերպությունների միության նախագահ Վարդան Փանոսյանը:

«Այսօր չկա շահութաբեր երթուղի, բոլորն աշխատում են վնասով»,- հայտարարեց Վ.Փանոսյանը՝ հավելելով, որ անցած օրերին որոշ վարորդներ տարածում էին, թե գծի «պլանը» բարձրացրել են, բայց փոխադրողները ոչ մի թիվ չէին փոխել, վարորդներն ինքնակամ էին 150 դրամ պահանջում ուղևորներից:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագիր են մշակել, որ փոխադրողը արժանավայել սպասարկի ու կարողանա անհրաժեշտ ծախսերը նորմալ հոգալ: Առաջարկում են ոլորտը սուբսիդավորել, կամ էլ հարկային արտոնություններ տրամադրել, օրինակ՝ գազն ու վառելիքը պետությունը իրենց տրամադրի ինքնարժեքով:

«Կա ճնշում փոխադրողների նկատմամբ, փոխադրողին գծի տեր սարքել է տրանսպորտի վարչությունը՝ էդ գումարները շորթելով, գծի պլանը թանկացնելով, ավտոբուսները թանկացնելով»,- ասաց նա:

Տ.Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի էլ գիտակցում ու ընկալում, թե ինչ առաջարկների մասին են խոսում: Փոխադրողները ամեն մեքենայի համար ամսական 16.5 հազար դրամ վճարում են «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ դիսպետչերական ծառայությունների համար, սակայն, ինչպես պնդեց Տ.Հովհաննիսյանը, ոչ մի ծառայություն չի մատուցվում. «Ոչ մի իրավական հիմք չունի այդ պայմանագիրը, դա հակասում է օրենքին»: Նա առաջարկում է օպերատոր կազմակերպություն ընտրել, որը նորմալ ծառայություն կմատուցի փոխադրողներին:

Ըստ բանախոսների՝ Տրանսպորտի վարչությունը ճնշում է գործադրում նաև փոխադրողների վրա, որ միությանը չանդամակցեն, միությունը չկայանա, քանի որ առանձին-առանձին փոխադրողներին ավելի դժվար կլինի պայքարել վարչության դեմ: Նրանց խոսքով՝ փոխադրողներից ով խոսել է, բոլորին ակտավորել են, ճնշում են գործադրում, սպառնում են գիծը հետ խլել:

Վ.Փանոսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ արեց հրավիրել նաև իրենց, որ ցույց տան, թե ինչպես կարելի է առկա խնդիրները հեշտությամբ կարգավորել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս