Բաժիններ՝

ԱՄՆ-ում այսօր տեղի կունենա Կորեական պատերազմի հերոս ձիու հուշարձանի բացումը

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգում այսօր տեղի է ունենալու 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հերոս-ձիու հուշարձանի հանդիսավոր բացման արարողակարգը: Reckless (Խենթ) մականվամբ հայտնի ձիու հուշարձանը կտեղակայվի Կուանտիկո ռազմաբազայից ոչ հեռու ընկած Ծովային հետևակի թանգարանում:

Մոնղոլական ծագմամբ զամբիկը, որը կյանքին հրաժեշտ է տվել 1968 թվականին, ամենաշատը փառավորվել է 1953 թվականի մարտին տեղի ունեցած ճակատամարտին մասնակցելու շնորհիվ:

Հնգօրյա ճակատամարտի ժամանակ ձին անդադար երթեր է կատարել մարտադաշտի ու մատակարարման կետի միջև՝ մարտիկների համար բերելով զինամթերք և մարտադաշտից հեռացնելով վիրավոր զինծառայողներին:

Ընդ որում, «Խենթը» ժամանակի մեծ մասում գործել է ինքնուրույն: Նա երկու անգամ վիրավորվել է և չնայած դրան՝ շարունակել է փոխադրել մարդկանց և բեռներ: Ձին ամերիկացի զինվորականների ձեռքում է հայտնվել 1952 թվականին, երբ նրան 250 դոլարով կորեացի տղայից գնել է լեյտենանտ Էրիկ Պեդերսենը:

Տղան հարկադրված է եղել վաճառել ձին՝ իր քրոջ ատամնաշարի հետ կապված ֆինանսական հարցերը լուծելու համար: Անհայտ է, թե տվյալ ժամանակ որքան է եղել ձիու ստույգ տարիքը: Ենթադրվում է, որ նա ծնվել է 1948 թվականին:

Սկզբնական շրջանում ամերիկացի ծովային հետևակայինները ձիուն անվանում են Flame (Բոց), սակայն ավելի ուշ նա ստանում է Reckless մականունը՝ ելնելով նրանից, որ ձին ընդհանրապես չի վախեցել պայթյուններից ու կրակոցներից: Պատերազմից հետո ձիուն պաշտոնապես շնորհվել է ամերիկյան հերոսի կարգավիճակ:

Մարտադաշտում ցուցաբերած ծառայությունների համար ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար Ռենդոլֆ Փեյթը նրան շնորհել է սերժանտի կոչում: Բացի այդ, ձին ստացել է ռազմական բազմաթիվ պարգևներ: Ձիու հուշարձանի բացումը նվիրված է Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս