Դանակահարված վարորդը պատմել է, որ իրեն հարվածողը ակտիվիստ չէր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց երեկ՝ հուլիսի 25-ին, տեղի էր ունեցելդանակահարության դեպք: Դանակահարել են 67 Ա համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ վիարահատել: ԳԱԼԱ-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր տեղեկացրել են, որ 33-ամյա վարորդը՝ Ալեքսան Ղազարյանը, այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, և նրա ինքնազգացողությունը դրական է:
«Ուսի հատվածում պատռվածք է եղել: Վիրահատել ենք: Իսկ այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- կայքին ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության և կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Ի դեպ, մինչ այժմ, ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացի չկա:
ՀՀ ոստիկանության ԳԱԼԱ-ի աղբյուրները փոխանցում են նաև, որ եթե անգամ վիճաբանությունը եղել է 50 դրամի համար, միեւնույն է՝ այդ քաղաքացին ակտիվիստներից չի եղել: Նա, ինչպես նկարագրել է վարորդը, երթուղային է նստել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ ի սկզբանե ուղեւորներն էլ, վարորդն էլ նկատել են, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս եւ խմած է: Նա նստելուց անմիջապես հետո սկսել է վիճել, որ 100 դրամ է տալու, ու թեեւ վարորդը չի հակաճառել, շարունակել է բարձր ձայնով խոսել, հայհոյել, որից հետո նրան վարորդը խնդրել է իջնել երթուղայինից: Իսկ վերջինս դանակահարել է վարորդին ու փախել :
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ սկսվել է նախաքննություն: