Բաժիններ՝

Իսրայելը «վիրտուալ դեսպանատուն» է բացել Պարսից ծոցի արաբական երկրներում. Der Spiegel

Գերմանական Der Spiegel թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը «վիրտուալ դեսպանատուն» է բացել Պարսից ծոցի արաբական երկրներում՝ նպատակ ունենալով առաջընթաց գրանցել այդ երկրների հետ բանակցություններում:

«Վիրտուալ դեսպանատան» դերում հանդես է եկել Twitter-ի միկրոբլոգը, որը ստացել է @IsraelintheGCC անվանումը: GCC-ը Gulf Cooperation Council-ն է՝ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ:

Տարածաշրջանային այդ կազմակերպությունն իրենում միավորում է արաբական վեց երկիր՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Օման, Քուվեյթ, Կատար և Բահրեյն: Առաջին ուղերձներից մեկը դարձել է այդ երկրների բնակիչներին խաղաղ Ռամադան ցանկանալը:

Իսրայելի ԱԳՆ-ը հայտնել է, որ Twitter-ը կարող է լավ գործիք հանդիսանալ՝ Պարսից ծոցի արաբական երկրների բնակիչների հետ շփվելու համար: Արաբ օգտատերերի արձագանքը եղել է ոչ միանշանակ:

Շատերն Իսրայելին  անմիջապես մեղադրել են պաղեստինցիներին սպանելու մեջ և սպառնացել են պատասխան հարված հասցնել: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ողջունել են ուղիղ երկխոսելու համար նոր հարթակի ստեղծումը:

Պարսից ծոցի երկրների հետ Իսրայելի շփումները շարունակում են մնալ սահմանափակ: Որոշակի տվյալներով՝ իսրայելական արտադրանքի արտահանումը տարածաշրջանի երկրներ հասնում է տարեկան 500 միլիոն դոլարի:

Գերմանական թերթը հիշեցնում է, որ նախկինոմ ԱՄՆ-ը «վիրտուալ դեսպանատուն» էր ստեղծել Իրանի համար, սակայն Իսլամական հանրապետությունն անմիջապես իր քաղաքացիների համար արգելափակել էր տվյալ կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս