Հարավային Ամերիկայում անսովոր ցուրտ եղանակը մարդկային կյանքեր է խլել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անսվոր իրավիճակ է ստեղծվել Բրազիլիայի հարավում, ուր սովորաբար տիրում է շոգ եղանակ: Անտարկտիդայից այստեղ հասած սառը քամիները կտրուկ փոխել են ջերմաստիճանը և առատ ձյան պատճառ հանդիսացել:
Դա վերաբերում է ոչ միայն Բրազիլիային, այլև՝ Պարագվային, Ուրուգվային, Արգենտինային ու Չիլիին: Բրազիլիայի հարավում գտնվող Կուրիտիբա և Ֆլորիոնոպոլիս քաղաքներում ջերմաստիճանը նվազել է մինչև – 7.4 աստիճանի:
Սան Պաուլուում անցած գիշեր գրանցվել է ընդամենը 5.2 աստիճան, ինչն ամենացածր ջերմաստիճանն է՝ սկսած 2000 թվականից: Սոցցանցերում արդեն իսկ հայտնվել են Բրազիլիայի հարավում գտնվող 130 քաղաքների ձմեռային լուսանկարները:
Սան Պաուլում ցրտահարությունից մահացել է մեկ մարդ, անհապաղ ժամանակավոր կացարաններ է տարհանվել մոտ 11.000 անօթևան: Հարավային Ռիո-Գրանդի-դու-Սուլ նահանգում էլ ցրտահարվելուց մահացել է երկու մարդ: Պարագվայում և Ուրուգվայում ցուրտ եղանակի պատճառով մահացել է 6 մարդ: