Բաժիններ՝

Ապահովագրական շուկայի «պարադոքսը». Մեքենաների թիվն ավելանում է, ԱՊՊԱ-ի գումարները՝ նվազում

2013թ․ առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 375,257, ինչը 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ ունեցած արդյունքից մեծ է մոտ 29,160 հազարով: Միաժամանակ, այս տարի առաջին կիսամյակում հավաքագրված վճարները՝ 9,735,672 դրամ, ավելի քիչ են, քան անցած տարի հավաքագրվածը՝ 10,098,783 դրամ:

Ինչո՞վ է պայմանավորված մեքենաների թվի ավելացումը, և ինչո՞ւ ավելի շատ մեքենաներից ավելի քիչ գումար է հավաքագրվել: 168.am-ի այս հարցերին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ անցած տարի մոտ 34 հազար մեքենա է ներկրվել ՀՀ, իսկ երկրից ոչ մի հատ մեքենա դուրս չի տարվել: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում հաշվառված է մոտ 500 հազար մեքենա:

 

Գումարի տարբերությունը Է. Հովհաննիսյանը պայմանավորեց բոնուս-մալուս համակարգի կիրառմամբ. «2012 -ին գրանցվել է մոտ 30 հազար վթար, մնացած մեքենաները չեն ենթարկվել վթարի: Նաև շատ դեպքերում մեկ վարորդը 2-3 անգամ է վթարի մասնակից եղել, ու, եթե նրանք նույնիսկ եռակի չափով ԱՊՊԱ վճարեն, ապա մեկ է, այդ գումարը չի ծածկի մալուսների չափը»:

 

Ավտոապահովագրողների բյուրոյի համաձայն՝ 2013թ․ առաջին կիսամյակի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է մոտ 1 մլրդ դրամով (2012թ․ առաջին կիսամյակի արդյունքով այն կազմել է մոտ 4 մլրդ դրամ)։ Առաջին կիսամյակի արդյունքներով բավարարված և վճարված (վճարվելիք) դիմումների քանակը կազմել է 27,152 դիմում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ է մոտ 6000-ով։ 2013թ. հունիս ամսվա կտրվածքով հատուցման միջին չափը կազմել է 208,633 դրամ։

 

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կայունացել է։ Այսպես, 2013թ. առաջին կիսամյակի համար այն կազմում է մոտ 76%, այն դեպքում, երբ 2012 թվականի տարեկան ցուցանիշը մոտ 74% է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս