Գալուստ Սահակյանը՝ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասին՝ Մի օր էլ կկանգնեն, կասեն՝ թող տղամարդը տղամարդու հետ ամուսնանա
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային, ասաց, թե ինքը չի մեղադրում նրանց, ովքեր պահանջում են իջեցնել տրանսպորտի գինը: Սակայն նա այդ նախաձեռնության մեջ բացասական կողմ է տեսնում, երբ «ակտիվիստները խփում են ավտոբուսներին, ապակիները ջարդում են, տենդի մեջ են պահում».
«Իսկ ես դասական ժողովրդավարության կողմնակից եմ: Մի օր էլ կկանգնեն, կասեն՝ թող տղամարդը տղամարդու հետ ամուսնանա: Նման պետությունը մեզ պետք չի լինելու, դրա համար դասական ճանապարհով պետք է շարժվել»:
Լրագրողների դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը խաբել է ժողովրդին, որովհետև ամիսներ առաջ հայտարարել էր, թե տրանսպորտի գինը չի թանկանալու, նկատեց. «Տարոն Մարգարյանը չի խաբում: Այդ ժամանակ գազի գների թանկացումն էր շոշափվում, մենք բոլորս էլ այդպես էինք ասում: Բայց գազի գնի բարձրացման հետ տրանսպորտի թանկացումը կապ չունի: Տարոն Մարգարյանը գրագետ է, եթե հնարավորություն լիներ այդ թանկացմանը չէր գնա: Ընտրությունները նոր են վերջացել ու դրա ընթացքում այնքան պարսավանքի խոսքեր ներարկվեցին հասարակության մեջ… Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ՝ կառավարությունը պետք է հստակ սոցիալական ծրագրեր իրականացնի Երևան քաղաքում: Տնտեսվարող սուբյեկտներն էլ ինչ-որ չափի վերապահումներ պետք է իրականացնեն»:
Նա նշեց, որ իր համար տհաճ է, երբ տեսնում է, որ 18-20 տարեկան աղջիները «ղժղժոցով» գոռում են փողոցներում: Հարցին, թե Տարոն Մարգարյանի հետ խոսե՞լ եք, վեջինս ընկճված չէ՞ տրանսպորտի թանկացման դեմ բողոքներից ու իր հրաժարականի պահանջներից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ամեն օր էլ խոսում եմ: Քաղաքապետն ինչի՞ պետք է ընկճվի: Կընկճվի, եթե տրանսպորտ չլինի: Հասարակությանն այնքան մեծ շերտ ունի: Այստեղ նստած, տեսնում եմ, որ մի հինգ հոգի իմ կողմից են: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հրաժարական տամ: Մենք ձեզ համար ապրուստի միջոց ենք»: