Բաժիններ՝

Նավթ ու գազ գտնելու հույսերը չեն մարում. Կառավարությունն օրենք է մշակում

ՀՀ կառավարությունում մշակվում է և այս տարվա սեպտեմբերի 20-30-ը նախատեսվում է քննարկման դնել «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով կանոնակարգվելու է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման նպատակով իրավունքի տրամադրման գործընթացը, այդ թվում՝ արտադրանքի բաժանման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ տարածքում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված պայմանական տարածքների ամրագրումը, և այլն:

Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ ներկայում չեն ընթանում, իսկ տարիներ առաջ Եղեգնաձորում հետազոտություններ է կատարել «Բլեքստերզ էներջի Արմենիա» ընկերությունը: 1990-2007 թվականների ընթացքում պայմանական 2-րդ բլոկում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ է իրականացրել նաև hայ-ամերիկյան հետախուզական ընկերությունը, որն իր իրավունքը փոխանցել էր «Տրանսեվրո էներջի» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին՝ անվանափոխվել է «Թիմ էներջի» ՍՊ ընկերության: Այս հետազոտական աշխատանքների ընթացքում հաստատվել է, որ մեր երկրի ընդերքում կան նավթի և գազի պաշարներ, սակայն դրանք քիչ են և արդյունաբերական նշանակություն չունեն:

6-7 տարի առաջ նավթի և գազի հետախուզական աշխատանքներ կատարել է նաև ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտը: Վերջինիս փոխնօրեն Ռուբեն Ջրբաշյանը 168.am-ին տեղեկացրեց, որ իրենց աշխատանքները ևս դրական արդյունք չեն տվել:

Փորձագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նավթի և գազի պաշարներ միանշանակ գոյություն ունեն ՀՀ-ում, բայց դրանց արդյունահանումը շատ ծախսատար է, իսկ որակի առումով դրանք զիջում են այսօր շատ հանքավայրերի նավթին և գազին: Սակայն, ըստ նրա, օրենքի կարիք կա, քանի որ էժան ածխաջրածիններն աշխարհում քիչ են մնացել, և հետզհետե թանկ հանքավայրերն են շահագործվում, և մի օր հերթը կհասնի նաև Հայաստանի պաշարներին:

«Բացի դա, հնարավոր է՝ նոր հանքավայրեր հայտնաբերվեն, որոնք կարող են արդյունաբերական նշանակություն ունենալ մոտակա տասնամյակում: Այդ փաստը չի կարելի ժխտել»,- ասաց Ա.Եղիազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս