Գծատե՞ր, թե՞ քաղաքապետ. Տարոն Մարգարյանը ընտրել է առաջինը
«Տարոն Մարգարյանն ուներ երկու հնարավորություն` գործել որպես գծատեր կամ որպես Երևանի քաղաքապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն` անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշմանը: «Որպես քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը հազարավոր գումարներ է աշխատում, բայց որպես գծատեր՝ նա միլիոններ ունի: Դրա համար ընտրությունը տրանսպորտի թանկացումը եղավ»,- նկատեց նա:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի` հաճելի չէ, թեպետ հակաօրինական որոշման արդյունքում, բայց բողոքի ակցիաներ տեսնել, երբ փողոց են դուրս գալիս մի քանի հարյուր մարդիկ: Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, քաղաքացիների անցկացրած free car ակցիան, որն անցկացվեց ոչ հանուն գովազդի, ողջունելի էր: Ստյոպա Սաֆարյանն անդրադադձավ քաղաքապետարանի` տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշման չհրապարակայանացման հանգամանքին. «Երբ քաղաքապետարանի պաշտոնյաներ հայտարարեցին սակագնի բարձրացման մասին, լղոզված ձևակերպում տվեցին: Ասացին, թե հուլիսի սկզբին ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները դիմել են քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովին` պատճառաբանությամբ, որ ավտոպահեստամասերի թանկացման պատճառով չեն կարողանում ուղևորափոխադրումներից շահույթ ստանալ: Մրցույթ անցկացվել է դեռ 2012թվականին, տարօրինակ չէ՞ սա ձեզ համար»,- նշեց Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այս օրերին անընդմեջ մարդիկ լսում են այն մասին, որ նախկին սակագինն այսօր ձեռնտու չէ գծատերերին այն դեպքում, երբ պետք է մտածել հասարևակության շահերի մասին:
«Երևանի քաղաքապետի գործողություններն իրավական և քաղաքական տեսանկյունից անընդունելի են։ Նա չի կատարում օրենքի պահանջները, որովհետև իր ուշքն ու միտքը գծատերերն են։ Մենք գիտենք, որ Տարոն Մարգարյանի ընտանիքին են պատկանում 5 և 32 համարների երթուղայինների գծերը»,- ամփոփեց նա: