Սլավոնական համալսարանի մասնագետները կուսումնասիրեն ԼՂՀ ներկա վիճակը
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտը սկսում է աշխատանքը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի վրա: Այսօր աշխատանքային խմբի անդամները` Հայաստանի ճանաչված տնտեսագետներ եւ երիտասարդ մասնագետներ`այդ շարքում Հրանտ Բագրատյանը, Էդուարդ Սանդոյանը, Աշոտ Մարկոսյանը եւ այլք հանդիպել են վարչապետ ԼՂՀ Արա Հարությունյանի հետ:
Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր կազմելու համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որն առաջիկա ամիսներին աշխատելու է եւ Արցախում, եւ Երեւանում: Ուսումնասիրվելու է ԼՂՀ ներկա վիճակը եւ տրվելու են առաջարկներ: Սա չի լինելու զուտ ակադեմիական ուսումանսիրություն՝ ասում են գիտնականները, թեեւ այդ առումով էլ ԼՂՀ տնտեսությունը որոշակի հետաքրքրություն ներկայացնում է:
Տնտեսագիտության դոկտոր Էդուարդ Սանդոյանի խոսքով` Արցախում գործընթացներ կան եւ ծրագրեր են իրականացվում, որ նույնիսկ Հայստանում չկան: Դրանց գումարելով միջազգային փորձն ու համապատասխան գործիքները՝ կարող են ավելի լավ արդյունքներ ստանալ եւ տնտեսական նոր տիպի նմուշ ստեղծել, այն, ինչու չէ նաեւ Հայաստանում տարածելու համար:
Սկսվող ուսումնասիրությունից ակնկալիքներ ունեն նաեւ ԼՂՀ կառավարությունում: Վերջին տարիներին օպերատիվ, ձեռքից ձեռք կառավարման արդյունքում տնտեսությունում առաջընթաց գրանցվել է, սակայն համակարգված մոտեցումների անհրաժեշտություն կա` խոստովանեց ԼՂՀ վարչապետը:
Հայ -սլավոնական համալսարանի կազմելիք ծրագիրը ԼՂՀ ում իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի այլընտրանքը չի հանդիսանալու, ասում է Էդուարդ Սանդոյանը: ԼՂՀ ներկա վիճակը դրա հիմքն է հանդիսանալու:
Աշխատանքները նախնական հաշվարկով տեւելու են 5-6 ամիս, արդյունքում ներկայացվելու է ծրագրային փաթեթ՝ հետազոտություններով, վերլուծություններով եւ առաջարկներով: